23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փոխվել է գազի և էլեկտրաէներգիայի բարտերային սակագինը. Ո՞րն է կառավարության լռության պատճառը. 168 Ժամ

Մինչև իշխանափոխություն՝ հայ-իրականական տնտեսական հարաբերությունները, հատկապես էներգետիկ ոլորտում, դժվարությամբ, բայց հաջողությամբ առաջ էին գնում։ Իշխանափոխությունից 4,5-5 տարի հետո ոչ միայն որևէ նոր ծրագիր չի նախանշվել, այլև եղածներն են տապալել։ Տարիներ անց, անգամ մեկնարկած ծրագրերը չեն կարողանում ավարտին հասցնել։ Չսկսվածների մասին անիմաստ է անգամ խոսելը։ Ո՞վ է հիմա հիշում Մեղրիի հէկ-ի ծրագրի մասին, որը պիտի իրականացվեր բացառապես իրանական կապիտալով, արտադրված հոսանքը որոշ ժամանակ մատակարարվեր Իրան, իսկ հետո կայանը դառնար Հայաստանի սեփականատությունը։

Հայ-իրանական տնտեսական, նաև քաղաքական հարաբերությունները իշխանափոխությունից հետո գրեթե փակուղի մտցվեցին։ Թեև վերջերս Թեհրան կատարած Նիկոլ Փաշինյանի կարճատև այցի ընթացքում մի հուշագիր ստորագրվեց, որն իշխանությունները փորձեցին ներկայացնել՝ որպես դարի ձեռքբերում, այն իրականում որևէ նոր բան չի պարունակում։ Այդ մասին պայմանավորվածությունները շատ վաղուց էին կայացված, պարզապես մեկ անգամ ևս վերաթարմացվեցին ու ոչ ի նպաստ Հայաստանի։

Խոսքն իրանական գազի դիմաց էլեկտրաէներգիա մատակարարելու ծրագրի մասին է, որը գործում է դեռևս 2007թ.։ Հայաստանը Իրանից գազ է ստանում, «Երևանի ջէկ»-ում արտադրում էլեկտրաէներգիա և մատակարարում Իրանին։

Ստացված գազի կամ արտադրված էլեկտրաէներգիայի մի մասն էլ մնում է Հայաստանին։

Դեռ ծրագրի մեկնարկին կար պայմանավորվածություն, որ այն պետք է ընդլայնել և ավելացնել ծավալները։ Բայց դրա համար չկային անհրաժեշտ ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ հոսանքն Իրան տեղափոխելու համար։ Այդ պատճառով էլ որոշվեց կառուցել ևս մեկ՝ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։

Գծի բուն շինարարությունը սկսվել է դեռևս 2016-17թթ.։ Նախատեսվում էր այն ավարտին հասցնել 2019թ., որպեսզի սկսվեր գազ-էլեկտրաէներգիա ծրագրի երկրորդ փուլի իրականացումը։ Եկան այս իշխանություններն ու ձախողեցին գծի կառուցման բոլոր հնարավոր ու անհնարին ժամկետները։

2019թ. այն պետք է պատրաստ լիներ շահագործման, բայց մինչև հիմա պատրաստ չէ։ Ամեն տարի երկարացնում են ծրագիրն ավարտելու ժամկետները, բայց ամեն անգամ չեն կարողանում տեղավորվել դրանց մեջ։ Հիմա էլ որոշել են, որ այն պետք է ավարտեն հաջորդ տարվա վերջին։

Աշխատանքների գրեթե 20 տոկոսը դեռևս սպասում են իրականացման։ Ու մեծ հարց է, որ այս անգամ, հերթական հետաձգումից հետո, կհասցնեն տեղավորվել նախանշված ժամկետում։

Մինչդեռ, այս գծի կառուցումից է կախված, թե ե՞րբ և որքանո՞վ հնարավոր կլինի ընդլայնել գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման նախկիններից մնացած այն եզակի էներգետիկ ծրագիրը, որը դեռ գործում է։ Որքան երկար է ձգվում էլեկտրահաղորդման գծի կառուցումը, այնքան հետաձգվում է նաև ծրագրի ընդլայնման ժամկետը։

Եթե այդ գիծը ժամանակին կառուցված ու շահագործման հանձնված լիներ, ապա վաղուց արդեն կարող էր կրկնապատկված լինել Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալը։

Այն, որ Իրանը պատրաստ է կրկնապատկել գազի մատակարարումն այս ծրագրի շրջանակներում՝ նորություն չէ։ Դա վաղուց է հայտնի, նաև ամրագրված է նախկինում ստորագրված փաստաթղթերում։ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակներում վերաստորագրված հուշագիրն այս առումով որևէ նոր բան չի պարունակում։ Այլ բան, որ փոխվում է ծրագրի, այսպես կոչված, բարտերային սակագինը, ընդ որում՝ ի վնաս Հայաստանի։

Այս մասին է, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն խոսում, փոխարենը՝ չեն վարանում դարի ձեռքբերում համարել գազի ծավալների կրկնապատկման վերաբերյալ նախկինների կողմից բանակցված ու ձեռք բերված պայմանավորվածությունը։ Երբեմնի հաջողված այդ ծրագրին այս իշխանության մասնակցությունը մինչև հիմա ոչ մի դրական բան չի տվել։ Ընդհակառակը՝ իշխանություններն իրենց ապաշնորհությամբ հասան նրան, որ փոխվեց նաև փոխանակման մեխանիզմը։

Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանը յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի դիմաց Իրանին է մատակարարում 3 կվտ ժամ էլեկտրաէներգիա։ Հաշվի առնելով, որ 1 խորանարդ գազից «Երևանի ջէկ-ում» ստացվում է շուրջ 4,5 կվտ ժամ հոսանք, ծրագրի շրջանակներում Հայաստանին մնում է 1,5 կվտ ժամ էլեկտրաէներգիա կամ համարժեք գազ։

Այնպես չէ, որ դա հայկական կողմի բացարձակ շահույթն է, որովհետև դրա շրջանակներում պետք է փոխհատուցվեն նաև իրանական գազն էլեկտրաէներգիայի վերածելու գործընթացում «Երևանի ջէկ»-ի ծախսերը։

Դրանով հանդերձ, բարտերային այդ սակագինը միանշանակ ձեռնտու է եղել Հայաստանին։

Սակայն Նիկոլ Փաշինյանի վերջին այցի ժամանակ ստորագրված նոր հուշագրով փոխվել է մատակարարումների հարաբերակցությունը։ Այդ մասին հուշագրի ստորագրումից հետո ակնարկեց Իրանի նավթի փոխնախարար, Իրանի ազգային գազային ընկերության (NIGC) գլխավոր տնօրեն Մաջիդ Չեգենին։

«Իրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Իրանի հետ համագործակցության վերաբերյալ, ի լրումն «գազի դիմաց էլեկտրաէներգիա» բարտերային համաձայնագիրը մինչև 2030 թվականը երկարաձգելու մասին համաձայնագրի։ Սրանից ելնելով, արտահանվող գազի ծավալների ավելացմանը համապատասխան, կփոխվի նաև էլեկտրաէներգիայի բարտերային սակագինը»,- նշեց Իրանի ազգային գազային ընկերության  գլխավոր տնօրենը։

Գազի ծավալներն ավելացնելուց հետո, թե ինչպիսի՞ն կլինի գազ-էլեկտրաէներգիայի փոխանակումների նոր սակագինը, մեր իշխանությունները խնամքով թաքցնում են։ Բայց հաշվի առնելով այն, որ իրանական կողմը վերջին տարիներին ձգտում էր վերանայել այս հարաբերակցությունը և մատակարարված գազի դիմաց ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ, կարելի է ենթադրել, թե այն ինչպես է փոխվել։

Դրա վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին Հայաստանում իշխանափոխությունից հետո և ահա հասան իրենց հանգրվանին։ Այդպես էլ իշխանությունները ոչինչ չկարողացան փոխել իրանական կողմի մտադրություններում։

Հայաստանի համար, անշուշտ, կարևոր է իրանական գազի մատակարարումը, բայց ծավալների այն կրկնապատկումը, որն այդքան ոգևորել է իշխանության որոշ ներկայացուցիչների, ովքեր անգամ պատմական պայմանավորվածություններից էին սկսել խոսել, մեզ մեծ բան չի տալու։ Մի բան էլ նվազում է ծրագրի շահավետությունը։ Այն, որ 350-400 մլն խորանարդ մետրի փոխարեն, 2023թ. հետո, այն էլ, եթե հաջողվի հերթական նախանշված ժամկետում ավարտին հասցնել երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը և դնել լարման տակ, Հայաստանը կարող է ստանալ կրկնակի ավելի գազ, շատ բան չի ավելացնում գազի մեր այլընտրանքային ապահովվածության առումով։ Գազը ինչպես գալու է, այնպես էլ էլեկտրաէներգիայի տեսքով վերադառնալու է։ Ավելին՝ բարտերային սակագնի վերանայման արդյունքում, իրական օգուտները դրանից նույնիսկ կարող են ավելի քիչ լինել, քան հիմա են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ