27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բովանդակությունը չի փոխվում, եթե անփոփոխ է բանակցողը

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ընդունվեց համատեղ հայտարարություն: Հայտարարության տեքստը հերթական հիասթափության ալիքը բերեց նրանց համար, ովքեր ակնկալիքներ ունեին ռուսական կողմից և տարօրինակ հրճվանք ռուսաֆոբական շրջանակներում: Երկու կողմն էլ թերևս մոռացել էին, որ բանակցություններին հայկական կողմը ներկայացնում էր դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երբևէ աչքի չի ընկել հայանպաստ որոշումներին հետամուտ լինելով:

Մեզ համար հերթական դիվանագիտական պարտությունն ամրագրվեց Արցախի վերաբերյալ որևէ հիշատակման բացակայությամբ հայտարարության տեքստում: Որևէ հիշատակում չկար Արցախի վերաբերյալ անգամ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման վերաբերյալ հատվածում:

Չկար նաև հիշատակում ՀՀ տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ: Կար միայն ընդհանրական պայմանավորվածություն` «զերծ մնալու ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրի»: Այլ կերպ ասած` որ կողմն ավելի համառ և հետամուտ գտնվի, նա կկառչի անգամ այս ընդհանրական ձևակերպումից, սակայն ինչպես կարող ենք գլխի ընկնել, դա հայկական կողմը չէ:

Եվս մեկ կարևոր խնդրի վերաբերյա բացակայում էր որևէ նշում: Խոսքը գերիների խնդրին է վերաբերում: Ենթադրաբար այն ներառված էր այս լղոզված նախադասության մեջ. «Մենք պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների հրատապ լուծմանը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների բլոկին»:

Ռուսաստանի համար այս հանդիպումը կարևոր էր տարածաշրջանում և մասնավորապես հայ-ադրբեջանակ հարաբերություններում` որպես միջնորդ իր օրեցօր թուլացող դիրքերը վերականգնելու համար: Ռուսական կողմի համար հատկապես անընդունելի է արևմտյան կողմի այսչափ ակտիվությունը ՌԴ-ի պասիվության ֆոնին: Սակայն կարևոր է գիտակցել մի բան. քանի դեռ հայկական կողմից բանակցությունների են գնում դե-ֆակտո իշխանությունների ներկայացուցիչները, ապա մեզ համար էական ոչ մի տարբերություն չի լինելու, թե ովքեր են միջնորդները: Քանի որ նույնիսկ ռազմավարական դաշնակցի միջնորդության պարագայում են դե-ֆակտո իշխանականները հաջողացնում ամբողջապես տապալել բանակցությունները:

Հիշե՛նք, թե ինչ են ասում դե-ֆակտո իշխանությունների ներակայացուցիչները Արցախի վերաբերյալ: Նրանք այլևս դադարել են Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարց բարձրացնել, լինել Արցախի անվտանգության երաշխավորը, քանի որ ինչպես իրենք են ասում` «Ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով Հայաստանի Հանրապետությունը այլևս չունի հնարավուրություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները և ազատությունները և անվտանգությունը այդ թվում… Եվ, թերևս, կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության, ուրեմն, գործիքակազմին և անենք առավելագույնը, որպեսզի միջազգային հանրությանը հասցնենք… այն օրհասական, գոյութենական, եթե կուզեք խնդիրները, որորնց առնչվում են  մեր հայրենակիցները Արցախում… Եվ պետք է, ըստ այդմ, արձանագրել, որ…այն միակ ռեսուրսը, որ արցախցիների իրավունքների ապահովման և անվտանգության և բոլոր հնարավոր իրավունքների ապահովման իրացման համար առկա է միայն ու միայն միջազգային հանրությա ճնշումների և կոնկրետ դիրքորոշումների պարագայում: Այլ որևէ ռեսուրս` ռազմական, տնտեսակակն, քաղաքական, եթե կուզեք, Հայաստանի Հանրապետությունը, ցավալիորեն չունի… Մեր դիրքորոշումները պետք է առավելագույնս ներդաշնակեցվեն միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որոնք որ առնչվում են արցախցիների և ընդհանրապես Արցախին և Արցախի շուրջ ընթացող զարգացումներին… Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը 21-րդ դարում կարող է հանդուրժել էթնիկ զտման  որևէ դրսևորում»:

Քանի դեռ դե-ֆակտո իշխանություններն ապավինում են ամորֆ միջանզգային հանրությանը, մեզ համար շարունակական բնույթ են կրելու պարտությունները բանակցային սեղանի շուրջ: Մինչդեռ ընդամենը օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինքն էր ասել. «Եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի իշխանությունները կարծում են, որ Ղարաբաղն ունի որոշակի առանձնահատկություններ, և պետք է այդ առանձնահատկությունները նկատի ունենալ, քննարկել, դա ևս հնարավոր է»: Իսկ հայ ժողովուրդն իր վճռական կամքը ցույց է տվել հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հուժկու հանրահավաքի ժամանակ: Հիմա հարց է առաջանում` իսկ ի՞նչ են անում դե-ֆակտո իշխանությունները, որտե՞ղ է նրանց քաղաքական կամքը…

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ