27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր աշխարհի 3 կարեւոր բնութագրիչները

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բորելը հոկտեմբերի 10-ին ԵՄ դեսպանների տարեկան կոնֆերանսում ունեցած ելույթում անդրադարձել է ԵՄ և համաշխարհային քաղաքականությանը վերաբերող մի շարք կարևոր հարցերի, որոնք արժեքավոր են նաև ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության ձևավորման համար:

«Հայկական ալիքի» խմբագրությունը թարգմանաբար ներկայացնում է Ժ. Բորելի ելույթի առանցքային հատվածները:

Մենք բախվում ենք ամենամեծ էներգետիկ ճգնաժամին՝ յոթանասունականների առաջին նավթային ցնցումից հետո։

Հիմա այն պահը չէ, երբ բոլորիդ ծաղիկներ ենք ուղարկելու՝ ասելով, որ դուք շատ լավ եք աշխատում, և մենք շատ ուրախ ենք, մենք մի մեծ ընտանիք ենք և այլն: Սա պահ է իրար մեջ խոսելու, թե մենք ինչ չենք անում բավականաչափ լավ, ինչու ես միշտ չեմ գոհ իմ [ԵՄ – խմբ.] պատվիրակությունների աշխատանքից և հստակ ուղերձներ ուղարկելու համար, թե ինչպես բարելավել աշխատանքը: 

Դաշնակիցներ և շահեր 

Աշխարհը ռադիկալ անկայունության մեջ է: Փոփոխությունների արագությունն ու ծավալը բացառիկ են։ Մենք չպետք է փորձենք հերքել դա, այլ պետք է ընդունենք այն և հարմարվենք դրան՝ առաջնահերթություն տալով ճկունությանը և դիմադրողականությանը: Սակայն հենց անկայունությունն է պայմանավորող ուժ: Սև կարապը այսուհետ գերակշռում է. մեկը մյուսի հետևից լինում են բաներ, որոնք մի ժամանակ շատ քիչ հավանական էին թվում:

Մենք այսօր տուժում ենք տարիներ տևած մի գործընթացի արդյունքում, երբ տարանջատել էինք մեր անվտանգության աղբյուրները մեր բարգավաճման աղբյուրներից: Այսպես, մեր բարգավաճումը  հիմնվում էր ՌԴ-ից եկող մատչելի և կայուն գազի և չինական մեծ շուկայի վրա: Ակնհայտ է, որ այսօր մենք պետք է նոր ուղիներ գտնենք Եվրամիության ներսից էներգիա ստանալու համար այնքան, որքան կարող ենք, քանի որ չպետք է փոխարինենք մի կախվածությունը մյուսով: Այո, մենք հոյակապ հարաբերություններ և համագործակցություն ունենք ԱՄՆ-ի հետ, բայց ո՞վ գիտի, թե ինչ տեղի կունենա երկու տարի անց, կամ թեկուզ՝ նոյեմբերին: Իսկ ի՞նչ, եթե ԱՄՆ-ի ղեկավարը լիներ, օրինակ, Թրամփը կամ մեկ այլ մարդ. ինչպիսին կլիներ ԱՄՆ-ի արձագանքը ուկրաինական ճգնաժամին, ինչպիսին կլիներ մեր պատասխանը մեկ այլ իրավիճակում: Մենք ուրախ ենք, որ ԱՄՆ-ից շատ հեղուկ գազ ենք ներկրում, ի դեպ, թանկ գնով, և փոխարինում ենք ռուսական գազը ամերիկյան և նորվեգական, կամ թեև փոքր քանակությամբ, բայց նաև ադրբեջանական գազով: Բայց ի՞նչ կլինի վաղը, եթե ԱՄՆ-ի նոր նախագահը որոշի այդքան էլ բարեկամ չլինել եվրոպացիների հետ։ Ինչո՞ւ ոչ: Կան հարցեր, որոնք ստիպված ենք տալ ինքներս մեզ: Պատասխանն ինձ համար պարզ է. մենք պետք է ավելի շատ պատասխանատվություն կրենք: Մենք պետք է կրենք մեր անվտանգությունը պաշտպանելու պատասխանատվության առավել մեծ մասը: 

Դո՛ւք՝ ԱՄՆ, հոգում եք մեր անվտանգությունը: Դո՛ւք՝ Չինաստան և Ռուսաստան, ապահովել եք մեր բարգավաճման հիմքը: Սա աշխարհ (իրականություն – խմբ.) է, որն այլևս գոյություն չունի: 

Բազմաբևեռություն, ինքնության պայքար, հիբրիդային պատերազմներ. սրանք են նոր աշխարհակարգի երեք բնութագրիչները:

Այսպիսով, մենք ունենք բարդ խառնուրդ՝ ներքին և արտաքին, և հին բաղադրատոմսերն այլևս չեն աշխատում: Մենք ունենք անվտանգության աճող մարտահրավերներ, և մեր ներքին համախմբվածությունը վտանգի տակ է:

Իսկ ինչո՞ւ չեն աշխատում դրանք: Առաջին՝ Ուկրաինան: Ուկրաինայում պատերազմը շարունակվում է: Մենք չէինք կանխատեսում, թե որքան արդյունավետ կդիմադրի Ուկրաինան։ Նախ՝ մենք չէինք էլ հավատում, որ պատերազմը մոտենում է։ Պետք է խոստովանեմ,, որ այստեղ՝ Բրյուսելում, ամերիկացիներն ասում էին մեզ՝ «կհարձակվեն, կհարձակվեն», իսկ մենք բավականին դժկամությամբ չէինք ուզում հավատալ դրան։ Մենք չէինք հավատում, որ դա տեղի կունենա, և չէինք կանխատեսում, որ Ուկրաինան պատրաստ է դիմակայել նույնքան կատաղի և հաջող, որքան իրենք են անում։ Իհարկե, մեր ռազմական աջակցության շնորհիվ։ Առանց դրա անհնար կլիներ:

Մենք չէինք կանխատեսել նաև Պուտինի կարողությունը՝ մեծացնելու զանգվածային մոբիլիզացիայի և բաց միջուկային սպառնալիքների մակարդակը։

Երկրորդ՝ ԱՄՆ-Չինաստան խորը մրցակցությունը։ Դա անակնկալ չէր։ Բայց Թայվանում լարվածության աճը, այո, օրակարգում չէր: Դա պայմանավորված էր մեկ անհատի ճամփորդությամբ (Նենսի Փելոսիի այցը Թայվան – առաջարկում ենք կարդալ «Հայկական ալիք»ի բացատրագիրը Թայվանի թեմայով), որը Թայվանի նեղուցը կանգնեցրեց պատերազմի եզրին: Եվ երրորդ խնդիրը համաշխարհային պարենային և էներգետիկ ճգնաժամն է։ Դա կանխատեսելի էր, բայց ոչ այն խստությամբ, որն ունենք:

Հետո՝ անվտանգային իրավիճակը: Մի՛ սահմանափակեք այն ուկրաինական ճգնաժամով: Պետք է նայել այն մեգա միտումներին, որոնք կձևավորեն մեր աշխարհը՝ Ուկրաինա, բայց ոչ միայն Ուկրաինա. ես սա՛ եմ պնդում: Անցյալ տարի բոլորը խոսում էին Աֆղանստանի մասին։ Աֆղանստանը մեծ խնդիր էր, հիշեք օգոստոսին [և] սեպտեմբերին [2021 թ.]: Որտե՞ղ է այժմ Աֆղանստանը: Աֆղանստանում, անշուշտ,  բայց ո՛չ՝ թերթերի առաջին էջերում։ Կարծես Աֆղանստան գոյություն էլ չունի։ Նույն խնդիրները կան, բայց ոչ ոք դրա մասին չի խոսում: Ուրեմն…յուրաքանչյուր հաջորդ ճգնաժամը ջնջում է նախորդը, ասես՝ այն լուծվում է, բայց չի լուծվում։ Աշխարհում կան բազմաթիվ ճգնաժամեր, որոնք այս աշխարհը շարժող միտումներն են։

Նախ, խառնաշփոթ բազմաբևեռությունը: ԱՄՆ-Չինաստան մրցակցություն. սա ամենակարևոր «կառուցվածքային ուժն» է։ Աշխարհը կառուցված է այս մրցության շուրջ՝ ուզես, թե չուզես: Երկու մեծ տերությունները՝ մեծ, մեծ, մեծ, շատ մեծ, մրցում են, և այս մրցակցությունը վերակազմավորելու է աշխարհը: Եվ սա գոյակցելու է ավելի լայն՝ «ժողովրդավարություններ ընդդեմ ավտորիտարների», ասել է թե՝ մեծ պառակտման հետ: Թեև ես շատ չէի համառի այս հարցում, որովհետև մեզ կողմնակից կան շատ ավտորիտար ռեժիմներ: Մենք չենք կարող ասել «մենք ժողովրդավարություններ ենք», և մեզ հետևողները նույնպես ժողովրդավար են. դա ճիշտ չէ, դա այդպես չէ:

Աշխարհը զուտ երկբևեռ չէ. կան բազմաթիվ խաղացողներ և բևեռներ, որոնցից յուրաքանչյուրը հետապնդում է իր շահերն ու արժեքները: Նայե՛ք Թուրքիային, Հնդկաստանին, Բրազիլիային, Հարավային Աֆրիկային, Մեքսիկային, Ինդոնեզիային: Նրանք միջին ուժեր են։ Նրանք «ճոճվող» պետություններ են. այս կամ այն կողմ քվեարկում են ըստ իրենց շահերի՝ ո՛չ միայն տեսական արժեքների։ Բայց այս երկրները, ես նորից եմ թվարկում դրանք՝ Թուրքիան, Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Մեքսիկան, Ինդոնեզիան, խաղացողներ և բևեռներ են: Սա ստեղծում է այս խառնաշփոթ բազմաբևեռությունը: Այս մարդիկ (ի դեպ, այս երկրներում շատ մարդիկ կան) կան և միշտ չէ, որ հետևում են մեզ:

Գաղափարախոսությունների և ինքնության պայքար 

Մեր ժողովրդավարություններում աճում է ռադիկալ աջականությունը՝ ժողովրդավարության համաձայն՝ դա մարդկանց ընտրությունն է, ոչ թե պարտադրված է որևէ ուժի կողմից:  Կա ավտորիտարիզմի միտում. որոշ երկրներ կրում են ժողովրդավարության շղարշը, բայց դրանք այլևս ժողովրդավարական երկրներ չեն: Կան այնպիսիք, որոնք բոլորովին էլ դեմոկրատական չեն, որոնք չեն էլ ձգտում դառնալ այդպիսին:

Այս աշխարհի հաջորդ հատկանիշը աճող ազգայնականությունն է, ռեվիզիոնիզմը գումարած ինքնության քաղաքականությունը…Մենք մտածում ենք՝ ելնելով մեր ներքին նկարագրից, հետո փորձում ենք արտահանել մեր մոդելը, բայց բավականաչափ չենք մտածում, թե մյուսներն ինչպես կընկալեն մոդելների այս արտահանումը։ Այո, մենք ունենք «Բրյուսելի էֆեկտը» և շարունակում ենք ստանդարտներ սահմանել, բայց ես կարծում եմ, որ գնալով ավելի ու ավելի շատ աշխարհը պատրաստ չէ հետևել մեր մոդելի արտահանմանը։ «Սա լավագույն մոդելն է, ուստի պետք է հետևել դրան». մշակութային, պատմական և տնտեսական պատճառներով դա այլևս չի ընդունվում։ Մենք հակված ենք գերագնահատել ռացիոնալ փաստարկները. «մենք բանականության հայրենիքն ենք»: Մենք կարծում ենք, որ ավելի լավ գիտենք, թե ինչն է բխում այլոց շահերից։ Մենք թերագնահատում ենք զգացմունքների դերը և ինքնության քաղաքականության շարունակական գրավչությունը:

Հիշեք այս նախադասությունը. “it is the identity, stupid” – «խնդիրը ինքնությո՛ւնն է, հիմար»: Այսուհետև ոչ թե տնտեսություն, այլ՝ ինքնություն։ Ավելի ու ավելի շատ ինքնություններ են աճում և ցանկանում են ճանաչվել և ընդունվել, այլ ոչ թե միաձուլվել «Արևմուտք» կոչվող մոտեցման ներսում:

Հաղորդակցությունը մեր մարտադաշտն է. մենք պայքարում ենք հաղորդակցության մեջ: Եվ սա ճակատամարտ է, որում մենք չենք հաղթում, քանի որ բավականաչափ չենք պայքարում։ Մենք չենք հասկանում, որ դա կռիվ է։ Որևէ տարածք նվաճելուց բացի, պետք է գրավել մտքերը: Մենք չունենք Russia Today կամ Sputnik, նույնիսկ «Ազատություն» ռադիոկայան։ Ինձ պետք է, որ դուք շատ ավելի ներգրավված լինեք պատումների այս ճակատամարտում: Դա երկրորդական բան չէ։ Խնդիրը միայն պատերազմներում հաղթելը չէ` տանկեր, հրթիռներ և զորքեր ուղարկելով: Դա մեծ պայքար է. ո՞վ է շահելու մարդկանց ոգիներն ու հոգիները:

…Մենք չափազանց կանտական ենք և պակաս հոբսական, ինչպես ասում է փիլիսոփան: Պետք է փորձենք ընկալել աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա և տեղ հասցնել Եվրոպայի ձայնը։

Հաջորդ հատկանիշը մրցակցային աշխարհն է, որտեղ ամեն ինչ վերածվում է զենքի: Ամեն ինչ զենք է՝ էներգիան, ներդրումները, տեղեկատվությունը, միգրացիոն հոսքերը, տվյալների պաշարները և այլն: Գոյություն ունի գլոբալ պայքար որոշ ռազմավարական տիրույթների՝ կիբեր, ծովային կամ արտաքին տարածության հասանելիության համար: Մենք տեսնում ենք, որ պետությունների միջև պատերազմը վերադառնում է, ինչպես ֆիլմերում, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմում (տանկեր, հետևակ): Բայց, բացի դրանից, կան հիբրիդային պատերազմներ, կա ապատեղեկատվական պատերազմ, որը շարունակվում է։ Ուզում եմ ընդգծել տեղեկատվության և ապատեղեկատվության դեմ պատերազմի կարևորությունը:

Ինչպե՞ս վարվել «նոր աշխարհում»

Կարծում եմ, որ պետք է ավելի շատ քաղաքական մտածողություն։ Կարծում եմ, որ մենք պետք է լինենք ավելի նախաձեռնող, ավելի ռեակտիվ։ Մենք պետք է կապ ստեղծենք  այս բոլոր խնդիրների միջև։

Մենք պետք է ավելի լավ սահմանենք մեր նպատակները և պատրաստվենք դրանց հասնելու համար: Գիտե՞ք, մենք ավելի շատ ենք աշխատում յոթամյա սցենարների վրա, քան մեկ տարվա պլանի և մեծ թվեր ենք հայտարարում, որոնց մարդիկ երբեմն [այլևս] չեն հավատում։ Երբ մեծ թվեր եք հայտարարում, հաշվի առեք, թե որն է այդ թվերի ժամանակային չափումը։ «Իքս փողով ենք աջակցելու». իսկ քանի՞ տարուց եք նախատեսում ծախսել: Վաղը, թե առաջիկա յոթ տարում: Մենք պետք է հավասարակշռություն փնտրենք մեր հայտարարածի և մեր իրականացրածի միջև, քանի որ երբեմն որոշ հայտարարություններ մեզ վարկաբեկում են, եթե դրանց չեն հետևում կոնկրետ գործողություններ։

Ընդհանուր առմամբ, ես կասեի, որ մեզ անհրաժեշտ է ավելի լավ հավասարակշռություն ճգնաժամի կառավարման և երկարաժամկետ [պլանավորման] միջև։ Մենք ապրում ենք ճգնաժամային կառավարման մեջ՝ «ի՞նչ է կատարվում այսօր», «ի՞նչ է տեղի ունեցել երեկ», «ի՞նչ է տեղի ունենալու վաղը»։ Ճգնաժամ, ճգնաժամ, ճգնաժամ. արտաքին քաղաքականությունը պարզապես ճգնաժամերը մեկը մյուսի հետևից կառավարելը չէ. պետք է փորձենք մտածել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Համաճարակի, կլիմայի, էներգետիկ ճգնաժամի հետ զուգահեռ մենք պետք է մի փոքր մտածենք այն մասին, թե ինչն է ավելի տևական, քան այն, ինչ տեղի է ունենալու վաղը և ինչ [կատարվում էր] երեկ:

Միլենա Մքոյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ