23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պետական գումարները մեջ-մեջ անելու սկզբունքը մեր երկրում մնում է ակտուալ. Անուշ Ասլիբեկյան

«Իրավունքը» զրուցել է թատերագետ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ, արվեստագիտության  թեկնածու ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆԻ հետ:

— Ձեր անունը այս տարվա Գրքի երեւանյան փառատոնի ժյուրիի անդամների ցանկում էր,  սակայն հանրության աչքից չի վրիպել, որ մրցանակաբաշխության օրը Ձեր անունը չհնչեց:  Ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Այո, ճիշտ եք, դեռեւս ամառվա սկզբին հրավեր ստացա այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկվելու եւ, ինքս լինելով փառատոնի առաջին մրցանակաբաշխության «Դրամատուրգիա» անվանակարգի մրցանակակիր՝ սիրով համաձայնեցի: Սակայն այս առաջարկին չհաջորդեց տրամաբանական զանգ կազմակերպիչների կողմից, որով պիտի տեղեկացնեին պայմանների մասին, եւ հանկարծ օգոստոսի վերջերին փառատոնի գեղարվեստական ղեկավար ու ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանն ինձ ուղարկում է պիեսները, որպեսզի սկսեմ կարդալ եւ գնահատել: Բնականաբար, բազմաթիվ հարցեր ունեի, որոնք պարզելու հույսով մեկ ժամ տեւած հեռախոսազրույց ունեցա նրա հետ: Օրինակ՝ ինչո՞ւ են ժյուրիի անդամներն անհավասար դիրքերում, նրանցից մեկը իրավասություն ունի միայն մեկ նոմինացիա գնահատելու, մյուս երկուսը՝ բոլոր նոմինացիաները, իսկ ինձ առաջարկվում է միայն դրամաները գնահատել: Երբ առարկեցի, նույն պահին առաջարկվեց արձակն էլ կարդալ: Այսինքն՝ կարելի է հասկանալ, որ սկզբունք գոյություն չունի: Մյուս հարցս՝ ինչպե՞ս պետք է գնահատել: Նրանց կողմից առաջարկվեց գնահատել 50 բալանոց համակարգով: Շատ լավ, ես առաջին անգամ չեմ ժյուրիի կազմում, եւ ինձ քաջ հայտնի է, որ պետք է գնահատել ըստ մի շարք չափանիշների՝ օրինակ, լեզվի, երեւակայության, արդիականության, ոճի, գեղարվեստականության համար, ենթադրենք, յուրաքանչյուրը 10-ական միավոր, արդյունքում պետք է գումարել բալերը եւ ստանալ վերջնական միավորը: Այլապես ի՞նչ սկզբունքով, ենթադրենք, Սիմոն Սիմոնյանը Նարինեի պիեսին պիտի դնի 2 միավոր, իսկ Անահիտի պիեսին՝ 50: Այս ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն ինձ մոտ էլի ու էլի հարցեր առաջացրեց, օրինակ՝ իսկ ե՞րբ են վերջապես ժյուրիի անդամները հանդիպելու, որպեսզի ի մի բերեն եւ հիմնավորեն իրենց գնահատակնները, պարզվեց, որ նրանք իրար չեն տեսնելու: Այդ դեպքում ե՞րբ կարող եմ մյուս գործընկերներիս գնահատման թերթիկների հետ ծանոթանա՞լ, պարզվեց, որ նման բան չի լինելու, միմյանցից գաղտնի ենք աշխատելու:

— Տիկին Ասլիբեկյան, իսկ որեւէ բացատրություն ունե՞ր ժյուրիի գնահատման նման ձեւաչափը:

— Սա բացատրվեց, իբրեւ թե՝ առավել թափանցիկություն եւ անաչառություն ապահովելու համար, ինչն ակնհայտ իրարամերժություն է ստեղծում՝ գաղտնիության եւ թափանցիկության մեկտեղո՞ւմ: Տարօրինակ չէ՞: Այդ դեպքում, ինչպե՞ս հավաստիանամ, որ ժյուրիի մյուս անդամը ինձ պես բարեխիղճ է գտնվել եւ կարդացել է հարյուրավոր պատմվածքներն ու մեկ տասնյակից ավելի պիեսները, ինչը կազմակերպիչների կողմից առաջարկվող երեք շաբաթվա ընթացքում այնքան էլ իրատեսական չէ: Կամ՝ ժյուրիի անդամներն ինչպե՞ս հավաստիանան, որ կազմակերպիչները անաչառ են եղել վերջում բալերը գումարելիս: Պահանջեցի թափանցիկություն, վստահություն իրենց իսկ կողմից ընտրված ժյուրիի անդամների հանդեպ, սակայն գնահատման սկզբունքներ եւ բալային սիստեմ պարունակող ուղեցույց այդպես էլ չստացա: Առաջարկեցի մրցանակաբաշխությունից հետո ժյուրիի անդամների հետ մամուլի ասուլիս կամ ցանկացած ձեւաչափով հանդիպում կազմակերպել, որպեսզի նրանք առերեսվեն հեղինակների եւ ընթերցողների հետ, իրենց տպավորությունները հայտնեն, վերլուծեն, ամփոփեն կարդացածը, խոսեն իշխող նոր միտումների, տրամադրությունների մասին, ինչը նույնպես մերժվեց: Ինչպես ինձ բացատրեցին, փառատոնի փոքր մրցանակային ֆոնդի պատճառով ժյուրիի անդամները պարտավոր են բազմաթիվ հայտերից յուրաքանչյուր անվանակարգում ընտրել մեկ լավագույնին, ինչը նույնպես անտրամաբանական է: Վստահաբար կլինեն էլի մի քանիսը, որոնց գործերը ոչ պակաս արժանիքներ կունենան, իզուր չէ, որ աշխարհում ընդունված է երեք տեղի սկզբունքը, որն, ի դեպ, գործում էր առաջին Բուքֆեստի ժամանակ: Հանդիպումը ժյուրիի անդամների հետ հնարավորություն կտար բարձրաձայնելու այլ արժանավոր ստեղծագործողների անուններ էլ, խրախուսելու նրանց, վերջապես վերլուծական խոսքն է ձեւավորում գրական ընթացքը, վավերացնում, մատնանաշում հոսանքները, տենդենցները: Նաեւ դա կստեղծեր մեր գրական միջավայրում պակասող եւ այդքան կարեւոր դիսկուրս: Այս առաջարկս եւս մնաց անարձագանք: Նշեմ, որ էլի բազմաթիվ հարցեր եւ առաջարկներ ունեի:

— Փաստորեն, այս ամենով պայմանավորված՝ հրաժարվե՞լ եք լինել փառատոնի ժյուրիի կազմում:

— Ես երկու տասնամյակ գրական եւ թատերական դաշտում անաչառ եւ սկզբունքային մասնագետի համարում ունեմ, աչք փակելով նման անփութության եւ անպատասխանատու վերաբերմունքի հանդեպ՝ ես ինքս ինձ չէի հարգի: Մենք պատասխանատվություն ունենք մեզ վստահված ոլորտների, մեր երկրի հանդեպ: Ինչո՞ւ նոր անուններ տարիներ ի վեր չեն հայտնաբերվում մրցանակաբաշխության ընթացքում, վերջապես, չէ՞որ սա պիտի լինի նաեւ փառատոնի գլխավոր նպատակներից մեկը: Ամենատխուրն այն է, որ այս սկզբունքային հարցադրումները ժյուրիի անդամներից միայն ինձ են անհանգստացրել, ինչպես հայտնեց Արմեն Սարգսյանը, եւ բնական է, որ նման «համերաշխ» կազմի հետ ես անելիք չունեի: Պետական գումարները մեջ-մեջ անելու սկզբունքը մեր երկրում մնում է ակտուալ: Միեւնույն փնթիությամբ «Արտավազդ» մրցանակաբշխությունն այս տարի անցկացվեց, եւ հետո զարմանում ենք, որ պարտվում ենք: Պարտվելու ենք անդադար, քանի դեռ չենք հարգում մեր գրչակից ընկերներին եւ ընթերցող հասարակությանը: Ինձ համար նաեւ անհասկանալի մնաց «Նվիրվում է Վահագն Դավթյանի 100-ամյակին» խորագիրը, ինչպես հարցական էր մնացել «Արտավազդի»՝ «Նվիրվում է Սունդուկյան թատրոնի հիմնադրման 100-ամյակին» խորագիրը, երկու դեպքում էլ արհեստականորեն «փակցված» տողեր, էժանագին փիառ հնարք: Եթե դա նվիրում էր հիրավի մեծ գրողի հիշատակին, ապա ո՞ւր էին նրան նվիրված միջոցառումները, ստեղծագործությունների ընթերցումները, դրանց տեսագրությունները, ինչպե՞ս հանրահռչակվեց գրողի գործն ու անունը, միայն մեկ վավերագրական ֆիլմի ցուցադրությա՞մբ, եւ վե՞րջ: Որտե՞ղ են նրա ստեղծագործությունների նոր հրատարակված գրքերը, թարգմանությունները, ինչպե՞ս եք «նվիրում», ի՞նչ եք նվիրում, օգտագործում եք մեծության անո՞ւնը: Իսկ եթե «Արտավազդը» Սունդուկյան թատրոնի 100-ամյակին էր նվիրված, ապա որտե՞ղ էին սունդուկյանցիները դահլիճում, ինչո՞ւ որեւէ նոմինացիայում ներկայացված չէին նրանք: Կազմակերպիչներին թվում է՝ ամենաթողություն է, տարբեր եթերներից գեղեցիկ ու սահուն հարցազրույցներ տալով՝ ամեն բան կոծկեցին, սիրուն լուսանկարներ հրապարակեցին, «պրծա՞ն»: Այս է պատճառը, որ երկու մրցանակաբաշխության վարկանիշն էլ չի բարձրանում, մարդիկ էլ դիմում են ո՛չ թե հիացմունքից կամ վստահությունից, այլ քանի որ երկու ոլորտներում էլ այլընտրանք չկա:

— Այնուամենայնիվ, ի՞նչ կասեք Գրքի երեւանյան փառատոնի այս տարվա մրցանակակիրների մասին:

— Բարեբախտաբար, այս երկրում շատ մարդիկ չեն կորցրել սթափ մտածելու կարողությունը, ուրախ եմ, որ համացանցային ինձ անծանոթ շատ օգտատերեր այս օրերին իրենց էջերում գրում էին, թե՝ եթե թատերագետ Անուշ Ասլիբեկյանի անունը ժյուրիում չհնչեց, ուրեմն՝ մի բան այնպես չէ, ուրեմն՝ պարզ է, թե ինչ ներքին խոհանոց է եղել: Եվ ուրեմն՝ ինձ չի զարմացնում նաեւ մրցանակակիրների նման ընտրությունը:

— Ի՞նչ կարծիք ունեք Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարության մասին, որտեղ ասվում է՝ եթե մարդը ստանում է 75 հազար դրամ աշխատավարձ, նշանակում է նորմալ կրթություն չի ստացել:

— Փաշինյանի այս հայտարարությունը ուղիղ կապ ունի վերը թվարկածներիս հետ՝ անպատասխանատվություն, անազնվություն եւ արհամարհանք երկրի մտավորականի հանդեպ: Ամեն անգամ ինձ թվում է, թե այլեւս նրա արած ոչ մի անադեկվատ հայտարարություն ինձ չի զարմացնի՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», «Հաղթելու ենք», «Ապագա կա», «Պողպատյա մանդատ» արտահայտություններից հետո, սակայն այս անգամ եւս նա կարողացավ մեզ զարմացնել իր մտքի հանճարեղ պոռթկումով, այն էլ ինչպես: Մի՞թե վարչապետը չգիտի, որ այս երկրում ամենացածրը գնահատվում է հենց մտավոր եւ ստեղծագործական աշխատանքը: Հարցրեք ուսուցչի, մանկավարժի, երաժշտի, դասախոսի, դերասանի, լրագրողի, էլի ու էլի մտավոր ոլորտի այլ աշխատողների աշխատավարձի չափը: 75 հազարը ճոխ աշխատավարձ է մշակույթի բուհերի դասախոսների համար, պրոֆեսորներն ու ամբիոնի վարիչներն անգամ այդքան չեն ստանում, նշանակում է, որ մեր բոլոր դասախոսները, ուսուցիչները, պրոֆեսորները վատ ուսյա՞լ են: Հավաստիացնում եմ վարչապետին, թե՛ դպրոցը, թե՛ բուհը, թե՛ ասպիրանտուրան ավարտել եմ կարմիրով դիպլոմով, գիտությունների թեկնածու եմ եւ դոցենտ, սակայն դասախոսական աշխատավարձս շատ ու շատ հեռու է նշված թվից:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ