Կահիրեի Թահրիր հրապարակում կրկին ցույցեր են /վիդեո/
Հունիսի 22-ի գիշերը մի քանի հազար եգրիպտացիներ են դուրս եկել Կահիրեի Թահրիր հրապարակ: Նրանք պահանջում են նախագահական ընտրությունների հաղթող ճանաչել “Մուսուլման եղբայրների” թեկնածու Մոհամեդ Մուրսիին եւ կոչ են անում Գերագույն ռազմական խորհրդին վայր դնել իշխանությունը, տեղեկացնում է “Reuters”-ը:
Ցուցարարները ենթադրում են, որ արդյունքները կարող են կեղծվել նախկին գեներալ եւ Հոսնի Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեդ Շաֆիկի օգտին: Ցույցի մասնակիցները նաեւ դեմ են հանդես գալիս այն փոփոխություններին, որոնք ժամանակավոր սահմանդրության մեջ են ներառել զինվորականները` իրենց իշխանական լիազորությունների ընդարձակման համար:
Ցուցարարները հայտարարել են, որ չեն լքի հրապարակը, քանի դեռ իշխանությունը զինվորականների ձեռքում է: “Մուսուլման եղբայրներն” էլ իրենց հերթին են կոչ անում ցույցերի անցկացումը մշտական դարձնել:
Եգիպտոսի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը կայացել է հունիսի 16-17-ը: ԿԸՀ-ը դեռեւս չի հրապարակել արդյունքները` պատճառաբանելով, որ քվեարկության ընթացքում մի շարք խախտումներ են տեղի ունեցել: Այժմ 2 թեկնածուն էլ պնդում են, որ հաղթանակն իրենցն է:
http://youtu.be/aDDEX5y3uWA