20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դառնալու եմ “էն “Գիքոր”-ը գրողի պես մարդ…./վիդեո/

Հունվարի 24-ը հայ բանստեղծ Պարույր Սեւակի ծննդյան օրն է:

 

Պարույր Սեւակը (Ղազարյանը) ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Բանաստեղծի մանկության ու պատանեկության տարիները անցել են նահապետական վարք ու բարքով ապրող մարդկանց մեջ, մարդիկ, որոնցից շատ քչերը կարող էին իմանալ, որ աշխարհում կա հինգ-վեց ազգ եւ նույնքան էլ պետություն՝ հայը, ռուսը, թուրքը, պարսիկը, ինգլիզը, գերմանացին, իսկ մյուսների համար էլ ազգությունն ու պետություն էլ գոյություն չունեին, կային միայն՝ քրիստոնյաներ ու մուսուլմաններ եւ ուրիշ ոչինչ, մարդիկ, որոնց համար գրագետ, ուսումնական մարդը հավասարազոր էր աստծո։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ “Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության”։

Հինգ տարեկան էր Պարույրը եւ արդեն կարդում ու գրում էր, բայց առանց դպրոց գնալու։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձեւով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930թ․, թույլ է տալիս նրան օրինական ձեւով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջեւ բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ “Զարթոնքի տարիներն էին, բայց եւ դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ եւ նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը եւ առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաեւ ես։ Եվ այդպես՝ կլոր տարին․․․”։

Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել եւս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միեւնույնն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան եւ հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։

“Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ “էն “Գիքոր”-ը գրողի պես մարդ”, այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված”։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ