Ամոթ, ամոթ. գյումրեցիները՝ Գևորգ Կոստանյանին /լրացված/
Գյումրու դատախազության շենքի դիմաց այս պահին հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ Գյումրիի ոճրագործության մեղադրյալ, Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կրի Հայաստանում: Հիշեցնենք, որ նա սպանել է վեց հոգու, փախել զորամասից, և ըստ միջագային պայմանագրի՝ դատական գործն ընթանալու է Հայաստանում, սակայն պատիժը կրելու է ՌԴ-ում:
Հավաքվածների հետ է նաև ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ևս նույն պահանջն է ներկայացնում: Հավաքվածներին մոտեցավ ու նրանց հետ զրուցեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Վերջինս առաջարկեց մոտ երեսուն հոգու անցնել դատախազության դահլիճ, սակայն վերջիններս չհամաձայնեցին: ՛՛Մենք շատ երկար քննարկելու պետքը չունենք: Մեզ մի հարց է հետաքրքրում՝ իրավազորությունը գտնվո՞ւմ է Հայաստանի իրավական մարմինների ձեռքում՛՛,-հարցրեց հավաքվածներից մեկը:
Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ այն, որ այսօր կեսօրից քննիչները գտնվում են ռուսական ռազմաբազայում, արդեն վկայում է, որ հանցագործը դատվելու է Հայաստանում: ՛՛Բոլորդ էլ մասնակցելու եք դատական նիստերին, լսելու եք, տեսնելու եք: Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչու է մեղադրյալը գտնվում ռուսական ռազմաբազայում: ՛՛Ինչո՞ւ Նուբարաշեն չեն տանում դրան՛՛,-հարցրեց կանանցից մեկը: Կոստանյանը պատասխանեց, որ պատճառն այն է, որ նախքան սպանությունը Պերմյակովը կատարել է նաև զոինվորական հանցագործություն: Սակայն ներկաներին չբավարարեց դատախազի պատասխանը: ՛՛Խուսափում եք հարցերից՛՛,-նետեցին նրանք: Իսկ երբ դատախազը հեռացավ ու կրկին շենք մտավ, նրանք բացականչեցին. ՛՛Ամոթ, ամոթ՛՛:
17:46
Դատախազության դիմաց հավաքվածները քարեր ու մանրադրամներ նետեցին Շիրակի մարզի դատախազության շենքի վրա: Սակայն ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և որոշ այլ քաղաքացիներ կոչ արեցին չանել նման բան, հանգիստ սպասել մինչև Գլխավոր դատախազը մոտենա: Հավաքվածները պահանջում են, որ լրագրողները հեռանան շենքի դիմացից, քանի որ ցանկանում են բռնությամբ, հրմշտելով մտնել շենք: Արյդունքում ալիքը կանխվեց, ներկաները զրուցեցին դատախազի հետ, սակայն շարունակեցին մնալ շենքի դիմաց: