Քանի երկրաշարժ է գրանցվել այս տարի
Ս.թ. հունվարի 1-ից մինչև 14-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում զգացված 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ է գրանցել: Հունվարի 8-ին Ադրբեջանին (Նախիջևան) սահմանակից գոտում` Քաջարան քաղաքից 25 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 4-5 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում: Րոպեներ անց նույն էպիկենտրոնային գոտում տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ երկրորդ ցնցումը: Երկրաշարժերը զգացվել են, մասնավորապես, Քաջարան քաղաքում` 4-5 բալ ուժգնությամբ, Կապանում և Սիսիան քաղաքներում` 3-4, ապա և 2-3 բալ ուժգնությամբ: Հունվարի 9-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում տեղի ունեցած 4-5 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Նինոծմինդա քաղաքից 7 կմ դեպի արևելք: Երկրաշարժը զգացվել է, մասնավորապես, Բավրա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ: Հունվարի 7-ին Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ սահմանային գոտում` Քարվաճառ քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ, որից հինգը` 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Հունվարի 14-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում` Ախալքալաք քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս. 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել հունվարի 7-ին Խաղաղ օվկիանոսում` Պանամայի Պունտա դե Բուրիկա քաղաքից 246 կմ դեպի հարավ: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: