Չարին հանդիմանող, Աստծո առաջ՝ բարեխոս սուրբը․ Հովհաննես Մկրտիչ
«Ապաշխարեցե’ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3: 2)
Սուրբ Հարության տոնին հաջորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։ Այս տարի այն նշվում է ապրիլի 23-ին։
Ո՞վ է Սուրբ Հովհաննես Մկրտիչը
Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից է: Զուր չէ, որ նրա անունը՝ իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Սուրբ Աստվածամոր անունից հետո: Սրբի մեծագույն լինելու մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հովհաննես Մկրտչին դասում է ամենահայտնի սրբերի շարքում և սրբի հիշատակին ունի սահմանած 4 տոն՝ Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան, Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակությունը, Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի, Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի:
Սուրբ Հովհաննես Մկրտչի առաքելությունը մեծ էր։ Նա ինքն էլ գիտակցում էր այդ, սակայն խոնարհությամբ էր տանում իրեն վստահված պարգևը, շնորհը, համարելով այն աստվածային ծառայություն։ Սուրբ Հովհաննես Մկրտիչը ավետել է Քրիստոսի գալուստը, ապա նաև մկրտել նրան։ Հայ Առաքելական Եկեղեցու ավանդության համաձայն` Հիսուսի Մկրտությունը Հովհաննեսից տեղի է ունեցել հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդից ուղիղ 30 տարի անց։ Մկրտության մասին Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու: Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ և դու ինձ մոտ ես գալիս»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»: Եվ ապա նրան թույլ տվեց (Մատթ. 3: 13-17)։ Ավետարանական այս դրվագում էլ տեսնում ենք, թե որքան խոնարհ էր Հովհաննես Մկրտիչն իր առաքելության մեջ։
Ինչո՞ւ գլխատվեց
Սուրբ Հովհաննես Մկրտչի մասին շատ տեղեկություններ չկան Ավետարանում, սակայն ներկայացված է նրա գլխատման դրվագը։ Ըստ ավետարանիչների՝ Հերովդես արքան ձերբակալում է Սուրբ Հովհաննես Մկրտչին և բանտ է նետում, սակայն չի համարձակվում սպանել նրան։ Պատճառն այն էր, որ նա մեղադրել և հանդիմանել էր թագավորին՝ եղբորը սպանելու, գահին տիրանալու և կնոջը՝ Հերովդիային կնության առնելու համար: Հովհաննես Մկրտչի հանդիմանությունը ոխով է լցնում Հերովդիայի սիրտը։
Եվ մի անգամ, Հերովդիայի դստեր պարից հրապուրված, Հերովդեսը հարցնում է աղջկան, թե ինչ կկամենա, որպեսզի նա իրեն տա՝ խոստանալով կամենալու դեպքում տալ նաև իր թագավորության կեսը։ «Աղջիկը դուրս գնալով իր մորն ասաց՝ ի՞նչ ուզեմ: Եվ սա ասաց՝ Հովհաննես Մկրտչի գլուխը: Եվ աղջիկը շտապով վերստին մտնելով թագավորի մոտ՝ ասաց.
«Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»» (Մարկ․ 6։24-25)։
Թեև թագավորը տրտմեց, սակայն ընդառաջ գնաց ցանկության կատարմանը և դահիճ ուղարկեց՝ Սուրբ Հովհաննեսին գլխատելու՝ իր խոստմանը համաձայն։ Քիչ անց նա ստացավ սրբի գլուխը՝ սկուտեղի վրա, այն հանձնեց աղջկան, ով էլ տարավ և տվեց իր մորը։
Սուրբ Հովհաննես Մկրտչի մարմինը գերեզման դրեցին նրա աշակերտները, երբ իմացան կատարվածի մասին։ Պատմում են, որ ավանդության համաձայն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերել սրբի մասունքներից և ամփոփել Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվել է նշանավոր Սուրբ Կարապետ վանքը:
Հովհաննես Մկրտիչը հավատարիմ էր իր կոչմանը, խոնարհ՝ առաքելության մեջ։ Նա չէր հպարտանում Քրիստոսին մկրտելու իր հնարավորությամբ, որ տրված էր Աստծուց, այլ խոնարհությամբ կատարում էր ամենն, ինչ պատվիրված է։ Մինչև վերջ էլ Սուրբը հավատարիմ մնաց իր կոչմանն ու առաքելությունը։ Խորհենք այսօր, թե որքանով ենք գիտակցում Սուրբ Հովհաննես Մկրտչի և մեր մյուս սրբերի անձնազոհությունը։ Արդյո՞ք այսօր մեր կյանքով արժանի ենք նրանց։