Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”
Փարիզի փրկարար ծառայություններին հաջողվել է վերջին 2 օրվա ընթացքում կանխել 2-րդ ինքնասպանության դեպքը` Էյֆելյան աշտարակից նետվելու արդյունքում:
Հունիսի 25-ի առավոտյան 8.30-ին մոտ 20 տարեկան աղջիկ էր փորձել ինքնասպան լինել` նետվելով աշտարակի առաջին մակարդակից: Դեպքի վայր են անմիջապես ժամանել ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը եւ հատուկ ուղղաթիռ: Հրշեջներից մեկն իջեցրել է աղջկան եւ նրան հանձնել բժիշկներին: Առայժմ հայտնի չեն աղջկան ինքնասպանության դրդած պատճառները:
Դեպքից ընդամենը մի քանի ժամ անց տեղի է ունեցել 2-րդ նման միջադեպը, սակայն այս անգամ այն ավարտվել է ողբերգությամբ: Աշտարակից նետվելով` մոտ 24-25 տարեկան երիտասարդը մահացել է: Ի տարբերություն աղջկա` երիտասարդին հաջողվել է աշտարակի արտաքին մասով մագլցել 125 մետր: Դեպքի վայր ժամանած փրկարարները փորձել են համոզել նրան չնետվել, սակայն 2 ժամ նրանց հետ բանակցելուց հետո երիտասարդը նետվել է եւ տեղում մահացել: Միջադեպի պատճառով Էյֆելյան աշտարակի տարածքում գտնվող բոլոր զբոսաշրջիկներն էվակուացվել են:
Էյֆելյան աշտարակի վրա ինքնասպանության վերջին դեպքը տեղի էր ունեցել 2009-ին: Այդ ժամանակ մի երիտասարդ կին էր նետվել: Ոստիկանության տվյալներով` սկսած 1889-ից, երբ տեղի է ունեցել կառույցի բացումը, 370 մարդ է մահացել` ընկնելով աշտարակից: Վիճակագրությունը ներառում է ինչպես ինքնասպանությունները, այնպես էլ դժբախտ պատահարները: