Պատերազմի ժամանակ դիմել եմ ՊԲ-ին, ասել են՝ «դուք իրավունք չունեք զբաղվել բանակով». Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը վստահեցնում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ միջամտություն չի ունեցել, որևէ կարգադրություն չի արել։
«Նամակով դիմել եմ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, գրավոր պատասխանել են՝ «դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ հարցնեք բանակի մասին»։ Ի՞նչ կառավարել, ինչի՞ մասին է խոսքը, ես բունկերում եղել եմ որպես Արցախի նախագահի խորհրդական, նախագահի կողմից գործուղվել եմ, որ զեկուցեմ` ինչէ կատարվում. ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բաբայանը։
Նա նշեց, թե սուտ են բոլոր պնդումները, որ պատերազմի ժամանակ ուզել են որևէ բանով օգտակար լինել, սակայն թույլ չեն տվել։
«Սուտ է, ոչ մեկը չկար, որ ուզենար ինչ-որ ծառայություն մատուցի, իրեն արգելել են», – ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղարը՝ վստահեցնելով, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիորղ քննիչ հանձնաժողովում այդ ամենը կբացահայտվի։
Հիշեցնենք՝ մեկնարկել են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները։ Ընդդիմությունը, սակայն, չի մասնակցում աշխատանքներին։
Ըստ ընդդիմադիրների՝ «պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»:
Հայկական կողմի կորուստները, անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները. այս ու մի շարք այլ հարցեր են լինելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի քննության առարկան։