Փաշինյանը նախորդ իշխանության կողմից սկսված Հյուսիս-հարավ ճանապարհը համարում ամենամեծ ներդրումային ծրագիրը՝ ՀՀ պատմության մեջ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը:
Նա նշեց, որ այս նախագիծը ռազմավարական մեծ նշանակություն ունի:
Առաջին փուլում հրավիրվելու են այն կազմակերպությունները, որոնք կարող են ու հայտ են ներկայացնում՝ ճանապարհի շինարարությունը իրականացնելու. նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է:
«Այս մասշտաբի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել ու ես ուզում եմ ասել, որ վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում Հյուսիս-հարավ նախագիծը մենք վերաձևակերպել ենք ու դարձրել Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագիծ ու հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք», – հայտարարեց վարչապետը:
Նա նշեց, որ ճանապարհի ճյուղերից մեկը կկապի Հայաստանը Իրանին, մյուսը՝ Ադրբեջան-Հայաստան ու հետագայում դեպի Թուրքիա-Նախիջևան-Թուրքիա:
Փաշինյանը հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ կոնկրետ շինարարական ընկերություն կլինի, որը կիրականացնի աշխատանքը:
«Մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար, հույս ունենք՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն փաստաթղթի տեսքով ու դե յուրե գործընթացը ամբողջ թափով կծավալվի», – նշեց վարչապետը:
Նա ասաց, որ ճանապարհի նախաորակավորման փուլը տևելու է 70 օր:
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց, թե Հյուսիս-հարավ ամբողջ ճանապարհը մոտ 560 կիլոմետր է ու այս 60 կիլոմետրն ամենաառանցքային հատվածներից մեկն է:
«Սիսիանից դեպի Քաջարան գործող ճանապարհը միջինում ունի մոտ 50 կմ/ժամ արագություն, իսկ այս ճանապարհի կառուցմամբ կունենանք 100կմ/ժամ արագությամբ ճանապարհ, որը շուրջ երկու ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը, լինելու է անվտանգ ճանապարհ, վեց տարի ժամկետ է նշվում ծրագրի իրականացման համար», – ասաց Սանոսյանը:
Նախարարի խոսքով՝ կան 12 կիլոմետրից ավելի թունելային հատվածներ, որոնցից միայն մեկը 8,6 կմ երկարություն կունենա:
«Ամեն ինչ կանենք, որ միջազգային խոշոր ընկերությունները լուրջ հետաքրքրվածություն ունենան ու տարվա վերջ ունենանք շինարար», – ասաց Գնել Սանոսյանը: