«Ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից զանգեր էի ստանում՝ էս ծաղիկի «բուդկեն» էստեղ դնենք, բոլորին մերժում էի». Մարությանն ասաց, թե ինչպես է խզում առաջացել իր և ՔՊ-ի միջև
Քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու արտահերթ նիստում, որտեղ «Իմ քայլը» խմբակցությունն իրեն անվստահություն է հայտնում, մանրամասներ ներկայացրեց, թե ինչու է խզվել իր և ՔՊ-ի կապը։
«Աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ պարո՛ն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցն ինչ-որ վատ «քոմենթ» է գրել կամ վատ ստատուսի տակ լայքեր է դրել, իրենք պետք է աշխատանքից հեռանան։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասել եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունն ախր նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակաների նման չլինի, որ քաղաքական հայացքների նման մարդկանց հետապնդում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, ախր երկիրը Ֆեյսբուքով չեն կառավարում, ախր ամեն ինչ Ֆեյսբուքով չի սկսում ու վերջանում։ Հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ էստեղ եկել, ես գործով եմ զբաղված։ Կարճ ասած՝ մերժում էի նման բոլոր առաջարկները։ Բայց սա դեռ ծաղիկներն էին։ Հետո սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի «բուդկեն» էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք
Բնականաբար, բոլոր դեպքերում ստացել եմ նույն պատասխանը. քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինակության շրջանակում և բոլորը հավասար են օրենքի առաջ», – ասաց Հայկ Մարությանը։
Քաղաքապետի խոսքով՝ նշածը շատ տհաճ ազդակ է եղել իր համար, որովհետև ինքն այդպիսի զանգերի թիմին միանալիս չէր սպասել։
«Այդտեղ սկսեց ի հայտ գալ իմ և ՔՊ-ի միջև աշխարհայացքների խզումը», – ասաց քաղաքապետը։