Փաշինյանն ասում է՝ 2016-ին հայտնի էր՝ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս բերելու հնարավորություն չկա. այդ դեպքում ինչո՞ւ էիք 2018-ին պնդում, որ «Արցախը Հայաստան է և վերջ». Օհանյան
Նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այս պայմաններում հապճեպ գնալ սահմանազատման ու սահմանագծման, նաև հարվածի տակ դնել Արցախի ճակատագիրը, անընդունելի է», – ասաց նա։
Սեյրան Օհանյանը նշեց, թե իրենք դեմ չեն սահմանազատմանն ու սահմանագծմանը, բայց դրա համար պետք է պայմաններ լինեն։
«Պահանջում ենք արտահերթ նիստ հրավիրել, գործադիրն էլ գա ու հաշվետվություն տա, պահանջի մեջ նաև նշված է, որ ամեն ինչ պետք է իրականացվի Հայաստանի ու միջազգային համապատասխան օրենսդրական ընթացակարգերի համաձայն. ոչ ոք չի կարող բանավոր կամ գրավոր ներկայացնել այնպիսի համաձայնություններ, որը կխախտի մեր Սահմանադրությունը», – ասաց Օհանյանը։
Նա նշեց, թե փորձը ցույց է տալիս, որ բանավոր ու գրավոր համաձայնություններ եղել են, որը չի անցել համապատասխան ընթացակարգերով։
Նա մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսքը, որը չորեքշաբթի Ազգային ժողովում ասել էր, թե 2016 թվականին էլ հայտնի էր, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս բերելու որևէ հնարավորություն չկա։
«Այդ դեպքում ինչո՞ւ էիք 2018 թվականին պնդում, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ու մնացած բոլոր այն միջոցառումները, որ իրականացվել է Արցախի տարածքում։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ գրավոր ու բանավոր համաձայնությունների միջև կան տարբերություններ», – ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ պետք է արագ տեմպերով քայլեր իրականացվեն բանակի վերականգնման, անվտանգության համակարգի արագ ձևավորման, սահմաններում պաշտպանության իրականացման ուղղությամբ, նաև՝ հստակեցնել ու կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները։