«Ես և իմ թիմն Արցախի 75 տոկոսի կորստի ու պարտության համար պատասխանատվություն չենք կրում». Արդարադատության նախարար
Արդարադատության նախարար, շատ կարճ ժամանակով «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է, որպեսզի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն դեռևս չեն պատասխանել։
Հարցին՝ իշխող թիմին մեղադրում են Արցախը հանձնելու գործընթացի մեջ, այդ դեպքում ինքը պատրա՞ստ է կրել պատասխանատվություն, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Այդ պնդումը սուտ է, եթե ես հավատայի դրան, բնականաբար, չէի անդամակցի։ Ես գտնում եմ, որ եղել են ցավալի վիճակներ, իրավիճակներ, և իմ թիմը, որին ես միացել եմ և ավելի եմ խորացնում իմ միացումը, արժանապատվորեն փորձում է տարիներ շարունակ կուտակված ցավը, դժվարությունը, կորուստները կրել և պատասխան տալ դրա համար։ Ես էլ ուզում եմ իրենց հետ միասին պատասխան տալ նույնիսկ մեր չարածների համար»,- շեշտեց նա։