Ադրբեջանի հերթական դիվերսիան. հակառակորդը ունի 7 զոհ
Ադրբեջանի ահաբեկչական-ֆաշիստական էությունը ապացուցվեց եւս մեկ անգամ` դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում իրականացված դիվերսիոն գործողության ժամանակ:
Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, հայկական կողմի համար նորություն չէ Ադրբեջանի կերպարն ու գործողությունները, սակայն նման գործողություններով հերթական անգամ այդ երկրի ահաբեկչական տեսակն է ամրապնդվում միջազգային հանրության աչքում:
“Սա առաջին դեպքը չէ, եւ նախորդ բազմաթիվ դեպքերի պես Ադրբեջանի զինուժը հետ է շպրտվել: Ցավոք, գործողությունների արդյունքում հայկական կողմը մեկ զոհ է տվել, ադրբեջանական զոհերի թիվը հասնում է 7-ի”,- հայտնեց Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, սահմանին իրավիճակը վերահսկելի է. լարվածություն կա, սակայն սահմանին հայկական զինված ուժերն են իրավիճակի տերը:
“Խուճապ չկա ոչ երկրում, ոչ էլ, առավել եւս սահմանին: ԼՂՀ պաշտպանական բանակը վերահսկում է իրավիճակն ու խուճապի որեւէ առիթ չկա եւ չի էլ կարող լինել”,- ասել է Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԼՂՀ Պաշտպանության բանակը կանխել է հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը: Հայկական կողմը կանխարգելիչ հարված է հասցրել եւ հակառակորդը 5-7 զոհ է տվել: Հայկական կողմը ունի մեկ զոհ. հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: