ԼՂ-ն ամբողջ աշխարհում ճանաչում է ձեռք բերում. քաղաքագետ
Այն, որ վերջին տարիներին Արցախի տոները մեծ շուքով նշում են ԱՄՆ Կոնգրեսում, խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը փաստացի ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:
Քաղաքագետը նշեց, որ այս գործում խիստ մեծ է հայկական լոբբիստական կառույցների աշխատանքը:
“ԱՄՆ Կոնգրեսում ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը Ջեյմս Ուորլիքի մասնակցությունը և Աշոտ Ղուլյանի հետ Վաշինգտոնյան հանդիպումը նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է ԼՂՀ-ի անկախությունը: Սա նշանակում է, որ Արցախն ամբողջ աշխարհում ճանաչում է ձեռք բերում”,- ասաց բանախոսը:
Նա նշեց, որ ներկայումս իրավական տեսանկյունից լուրջ զենք ունենք, այն, որ ԼՂՀ-ն երբեք Ադրբեջանի կազմում չի եղել:
Քաղաքագետը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, նշեց, որ չնայած ադրբեջանական կողմի բացահայտ մեղավորությանը, Ուորլիքը կրկին իր արձագանքում ցավ հայտնեց երկու երկրների կորուստների համար:
“Ադրբեջանի դիվերսիոն գործունեության արդյունքում Ուորլիքը ամեն անգամ երկու կողմերին է ցավակցություն հայտնում: Սա ուղղակի աբսուրդի է հասնում: Որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեն, որ խնդրի լուծումը մոտ է, առանձնապես մեծ հույսեր չպետք է ունենալ”,- ասաց Արթուր Ղազարյանը: