“Փաստաթղթում նշվում է հայերի կոտորածների մասին հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում”
Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Թուրքագետը նշեց, որ այդ փաստը միջազգային հանրության շրջանում լուրջ արդյունք տալ չի կարող, սակայն այդուամենայնիվ` այստեղ կարեւոր էին շեշտադրումները:
“Ի տարբերություն մի շարք այլ բանաձեւերի` այս փաստաթղթում նշվում է հայերի կոտորածների մասին հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում: Հստակ շեշտվում է Արեւմտյան Հայաստանի գործոնը, նշվում է հայրենազրկումը` տեղաբնիկ բնակչության հետ մեկտեղ պատմական հայրենիքի կորուստը”,- նշեց բանախոսը:
Նա նշեց, որ պետք է հաշվի առնել, որ Բոլիվիան եւ մյուս բոլոր պետությունները, որոնք հեռու են` տարածքային տեսանկյունից, կարողանում են ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը, նաեւ այն պատճառով, որ Թուրքիայի հետ շահերի բախում չունեն:
Գ. Պետրոսյանը նշեց, որ պետք չէ կենտրոնանալ Ցեղասպանության միջազգային ճանաչման վրա, որքան էլ որ այն կարեւոր է, այլ պետք է փոխել ռազմավարությունը:
“Մենք կենտրոնացել ենք միջազգային ճանաչման վրա, սակայն պետք է փորձենք հարցը տեղափոխել իրավական դաշտ: Ցեղասպանության միջազգային ճանաչումը Թուրքիայի կողմից տարածքային և նյութական փոխհատուցման չի բերի”,- ասաց նա:
Բանախոսն անդրադարձավ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցին: Նա նշեց, որ այցը կարեւոր էր միայն երկու կողմերի` Թուրքիայի եւ Ռուսաստանի համար: