Թուրք գյուղատնտեսները կարող են լցնել ռուսական մեծ շուկայի դատարկ տեղերը. Պուտին
Թուրքիա կատարելիք այցից առաջ, որը տեղի կունենա այսօր, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է թուրքական “Անադոլու” պետական լրատվական գործակալության թղթակցի հետ: Պուտինը ողջունել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու թուրքական կառավարության ցանկությունը, հայտնում է Ermenihaber.am-ը:
“Թուրք գյուղատնտեսները կարող են լցնել ռուսական մեծ շուկայի դատարկ տեղերը: Ջերմորեն ենք վերաբերվում Ռուսաստան մսամթերք, կաթնամթերք, ծովամթերք, միրգ և բանջարեղեն արտահանելու թուրք արտադրողների մտադրություններին”,- ասել ՌԴ նախագահը: Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Անկարան կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել իր արտաքին քաղաքականությունում: ՌԴ նախագահը Թուրքիայի հետ առևտրաարդյունաբերական նոր համագործակցություն զարգացնելու հնարավորություններ է մատնանշել: Բացի այդ Պուտինը նշել է նաև, որ թուրք պաշտոնակցի հետ պատրաստվում է քննարկել էներգետիկ ոլորտում ահմատեղ ռազմավարական նախագծեր կյանքի կոչելու հարցեր ևս:
“Թուրքիան Ռուսաստանի կարևորագույն առևտրային գործընկերն է և դա պահպանվելու է: 2013-ին մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 32.7 մլրդ դոլար: Թուրքիայում կատարած ռուսական ուղղակի ներդրումները հասնում են 1.7 մլրդ դոլարի, իսկ Ռուսաստանում թուրքական ներդրումների չափը գրեթե հասնում է 1 մլրդ դոլարի: Այս դրական ընթացքն ավելի բարելավելը բխում է երկու երկրների շահերից”,- նշել է Պուտինը և հիշեցրել, որ Էրդողանի հետ ավելի վաղ համաձայնության էին եկել առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի:
Ermenihaber.am