14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տավուշի տարածքների հանձնման գործընթացը սկսվե՞լ է

Լրագրող Ոսկան Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանից տեղեկացել է, որ այսօր Ոսկեպար են ժամանել ռուս զինվորականներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների և այլ պաշտոնատարների ուղեկցությամբ։

Այնուհետ հավելել է, որ նախատեսվում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի եզրին տեղադրել ռուս խաղաղապահների ուղեկալ, որը կտեղակայվի հավաքովի, մոբիլ կառույցներում։

168.am-ը փորձեց նշվածն անձամբ լսել Ոսկեպարի վարչական ղեկավարից:

 

«Խնդրում եմ, նմանատիպ հարցերով դիմեք Պաշտպանության նախարարությանը: Ինձ ոչ մի կերպ չի կարելի նման ինֆորմացիա տրամադրել որևէ մեկին: Կներեք, չեմ կարող»,- ասաց Ոսկեպարի վարչական ղելավար Սերոբ Մախսուդյանը:

Մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել ՊՆ և ԳՇ տեղեկատվական պատասխանատուների հետ՝ ստանալու հարցի պատասխանը՝ ճի՞շտ է Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին ռուսական ուղեկալի տեղադրման շրջանառվող տեղեկությունը, սակայն այդպես էլ չհաջողվեց որևէ բան պարզել:

Նշենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման ցանկության մասին:

Արդյո՞ք վերը նշվածն ազդարարում է Տավուշի մարզի «վիճահարույց» տարածքները հանձնելու գործընթացը, կամ, այսպես ասած, դեմարկացիայի և դելիմիտացիայի:

Այո՛, չի բացառվում, որ ուղեկալի տեղադրումը Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին, զուտ նախանշան է Վերին Ոսկեպար (Յուխարի Աքսիպարա) գյուղի հանձնման, որի դեպքում Տավուշի մարզի շատ գյուղեր հայտնվելու են թշնամու «ափի մեջ»:

Հավելենք նաև, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

 
«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, սակայն, ավելի ուշ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից համոզվեցինք, որ Տավուշի մարզից տարածքների հանձնումը մնացել էր բանավոր պայմանավորվածությունների տիրույթում, և, ըստ էության, արդեն «թղթի վրա» է:

Ավելի վաղ գրել էինք, որ Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ, ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Այս «գործարքին» ամեն կերպ փորձել է խոչընդոտել 3-րդ բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, որից իշխանություններն ազատվեցին հենց նրա համար, որ դեմ է եղել Տավուշի մարզ և 3-րդ բանակային կորպուսի վերահսկողության տարածք ցանկացած բնույթի այցերին, մուտքերին, «անվտանգային միջոցառումներին», որոնք վնասելու էին ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անվտանգությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ