Լավաշի մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում
Թուրքական մամուլն արձագանքել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմիցլավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու փաստին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումն ակնհայտորեն դժգոհություն է առաջացրել թուրքերի շրջանում, ինչի մասին վկայում են լուրերի վերնագրերը. ՛՛Լավաշը Հայաստանին հանձնեցինք՛՛, ՛՛Լավաշը Հայաստանի մշակութային ժառանգությունը դարձավ՛՛, ՛՛Լավաշը կորցրեցինք՛՛, ՛՛ՅՈՒՆԵՍԿՕ-ն շոկի մեջ գցեց Թուրքիային՛՛ և այլն, գրում է Ermenihaber.am-ը:
՛՛Հյուրրիեթ՛՛ թերթն անգամ հիշեցրել է Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր Չելիքի՝ լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ընդգրկելու մասին վերջերս տված խոստումը: Նախարարը ժամանակին հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ համատեղ մի շարք առաջարկներ են ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել տալու համար և այդ առաջարկների մեջ առաջնային տեղ է զբաղեցնում լավաշը:
ՄԱԿ–ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ավնի Բոսթալըն թուրքական ՛՛Ջիհան՛՛ լրատվական գործակալությանը որոշման մասին մանրամասներ ներկայացնելով՝ հայտնել է, որ որոշման տեքստում նշվում է, որ լավաշը օգտագործվում է նաև տարածաշրջանում և դրանից դուրս ապրող այլ հասարակություններում:
Ermenihaber.am