15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարգել մեր քաղաքացուն ու ցույց տալ հույսը. Արմեն Գևորգյան

Երեկ երեխաների պաշտպանության միջազգային օրն էր. ըստ իս, ամենալուսավոր ու ամենահաճելի օրերից մեկը։ Լավագույն մաղթանքներից ու ցանկություններից զատ, այդ օրը նաև պարտավորեցնում է մեզ էլ ավելի մեծ խորությամբ հասկանալ խնդիրները և ավելի ճիշտ լուծումներ գտնել։

Չէի ցանկանա խոսել տխուր թեմաներից, բայց հենց հանուն մեր երեխաների վաղվա լավ օրվան՝ ստիպված եմ անել։

Կխոսեմ մի նոր սոցիալական խավի մասին, պայմանական ասած՝ Նիկոլի կանանց՝ Փաշինյանի ամենամոլի աջակիցների։

Ի տարբերություն տղամարդկանց, նրանք հանդիսանում են Նիկոլի առավել ազդեցիկ աջակիցների խումբը։ Նրանք էմոցիոնալ կերպով ցուցադրում են իրենց նախասիրությունը և ագրեսիվ ազդում միջավայրի վրա։ Եվ նրանց, հաճախ դժվար է պատասխանել, քանի որ կին են։

Նրանք հայ կանայք են, որոնք կարող են այլանդակ հայհոյանքներ ասել, անիծել այլ հայ մայրերի և չկարեկցել նրանց, ովքեր կորցրել են իրենց երեխաներին 44 օրյա պատերազմի ընթացքում։ Նրանք կանայք են, ովքեր կարող են արդարացնել Նիկոլին՝ հազարավոր երիտասարդների մահվան ու մեր հայրենիքի կորստի հարցում։

Մենք պարտավոր ենք հասկանալ՝ ինչը՞ կարող էր նրանց դրդել այդչափ չարության, ատելության և թշնամանքի, չէ որ նրանք կին են՝ ընտանեկան օջախի պահապաններ և այդօրինակ պաշտպանելով Նիկոլին, իրականում քանդում են մեր ընդհանուր օջախը՝ մեր
հայրենիքը։

Վերջին այցելություններս մարզեր, ապացուցեցին այս ցավոտ թեմայի շուրջ իմ նախկին մտորումների իրավացիությունը։ Որո՞նք են նման խավի գոյության խորքային պատճառները։ Պատճառները բազմազան են, բայց իմ խորին համոզմամբ հիմնական համարվում են սոցիալ-հոգեբանական գործոնները և ժամանակակից տեխնոլոգիաները։

Խորհրդային Միության փլուզումից հետո տասնյակ հազարավոր կանայք մնացին առանց աշխատանք։ Այդ աշխատանքը նրանց համար հանդիսանում էր սոցիալիզացիայի արեալ, միաջավայր։ Ամեն աշխատանքային օր նրանց համար հնարավորություն էր, իրենց կարգի բերելով դուրս գալ հասարակություն, մարդամեջ՝ շփվել, ինտեգրվել, լսել, հաղորդակից լինել։

Նաև այդ նպատակով Խորհրդային տարիներին ողջ երկրով մեկ ստեղծվում էին բազմազան ձեռնարկություններ՝ թեթև արդյունաբերության, վերամշակող և այլն։ Գյուղական վայրերում կային ֆերմաներ և գյուղատնտեսական այլ ձեռնարկություններ։
Դրան ավելացնենք դպրոցները, ամբուլատորիաները, ադմինիստրատիվ հիմնարկները։

Այսօր բազմաթիվ գյուղերում և քաղաքատիպ ավաններում, բացի պետական նշանակության փոքրաթիվ հիմնարկներից ոչ մի այլ գործող հիմնարկ, ձեռնարկություն չկա։
Կանանց սոցիալիզացիայի արեալը կտրուկ փոքրացել է։ Նրանց ճնշող մեծամասնությունն արդեն 30 տարի է տանն է՝ իրենց ընթացիկ հոգսերով և խնդիրներով, և հաճախ բավական ծանր սոցիալական պայմաններով։

Այս մարդկանց հոգեբանությունը և աշխարհընկալումը փոխվել է, դեֆորմացվել։ Երկար ժամանակահատվածի ընթացքում նրանց մեջ կուտակվել է չարություն և քեն՝ սեփական ճակատագրի, սեփական կյանքի, սեփական բարեկեցության պատճառով։ Եվ նրանք երկար ժամանակ չեն տեսել հույսի և սեփական կյանքի փոփոխության հնարավորությունը։

Եվ հանկարծ հայտնվում է Նիկոլը, որը հայտարարում է, որ իրենցից մեկն է և բոլորին սիրում է։ Նրանց շատ վաղուց ոչ ոք նման բան չէր ասել, նրանց չէր համարել կարևոր ու չէր ասել՝ որոշողը դուք եք։

Նիկոլը նրանց անդադար խաբում է, բայց խաբվելը հաճելի է, որովհետև Նիկոլը նրանց տալիս է այդքան սպասված հույսը։ Զուգահեռ նրանց ուղղորդում է «հասկանալ», թե ովքեր են իրենց վատ կյանքի մեղավորները՝ քարոզելով թշնամանք ու ատելություն։
Պարբերական լայվերը իրենց կուռքի, կիսաստծո հետ ուղիղ կապի պատրանք էին ստեղծում։

Նիկոլն այս մարդկանց համար ստեղծեց սոցիալիզացիայի նոր արեալ՝ վիրտուալ իրականությունը / սոցիալական ցանցեր/, որտեղ կարելի էր կիսվել մտքերով, մտորումներով, լուսանկարներով, որտեղ կարելի է անպատիժ հայհոյել, վիրավորել, որտեղ կարելի է մաս զգալ կամ մաս դառնալ մի մեծ կոլեկտիվի՝ Նիկոլի առաջնորդությամբ։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։

Ակնհայտ է, որ այս մարդկանց կյանքում դեպի լավը ոչ մի փոփոխություն չի եղել։ Նրանք չեն գտել նոր, լավ աշխատանք, նրանց երեխաների կրթության որակը չի լավացել, բժշկական ծառայությունները թանկացել են, կյանքի որակը ակնհայտորեն վատացել է։ Չքավորության մակարդակը երկրում աճել է։ Բայց այս մարդկանցից շատերը չեն ուզում բաց թողնել իրենց «վերջին հույսը»՝ իրենց կուռքին՝ ով անընդհատ խաբում է, բայց անընդհատ հույս է տալիս։

Սա է օբյեկտիվ իրականությունը, որի հետ մենք պետք է հաշվի նստենք։ Ինձ այս թեմայով գրելը մարդկայնորեն շատ դժվար է։ Բայց ես սա անում եմ՝ իմ մեջ մերժելով այս շերտի հանդեպ նեգատիվը, հակակրանքը։ Լրիվ հակառակը՝ մենք պետք է հասկանանք խնդիրը խորությամբ, մենք այս մարդկանց պետք է հարգենք, եթե նույնիսկ նրանք մեզ այսօր ընկալում են հակառակորդ։ Գտնենք ու այս մարդկանց առաջարկենք լուծումներ, այս մարդկանց ցույց տանք իրական հույսը։

Այս մարդիկ մեծ հաշվով զոհեր են դժվար կյանքի և անհուսության։ Իսկ Նիկոլը նրանց օգտագործում է՝ անխնա ու սառնասիրտ։ Միայն սեփական շահից ելնելով։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ