Ադրբեջանը փորձում է խարխլել. ՀՀԿ պատգամավոր
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում է հնարավոր հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչը սակայն Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով փորձ է անում խարխլել:
“Վերջին ցավալի դեպքը որոշ իմաստով ստվերում է բանակցային գործընթացը, բայց այնուամենայնիվ մենք շատ լավ հասկանում ենք, որ սա այն ձեւաչափն է, որի շրջանակներում հնարավոր է հակամարտության խաղաղ կարգավորումը: Հասկանում եմ հանրության տարբեր շերտերի գնահատակնները ԵԱՀԿ առաքելույթան եւ բանակցային այս ձեւաչափի հետ կապված, բայց կարծում եմ մենք ՀՀ իշխանությունները հետամուտ կլինեն, որպեսզի ողբերգական այս ցավալի միջադեպի հետ կապված պատշաճ հետաքննություն իրականացվի նաեւ միջազգային համապատասխան կառույցների կողմից եւ տրվեն համարժեք գնահատակ աներ”,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Պատգամավորի խոսքով, բավարար չեն այդ գնահատականները եւ այդ առումով իրենք պետք է շարունակեն այդ ուղղությամբ ջանքերը, որպեսզի տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից տրվեն համարժեք գնահատականներ: Նրա կարծիքով, Ադրբեջանը իրականացնելով հայատյաց քաղաքականություն, իր սադրիչ գործողություններով փորձում է խարխլել այդ փխրուն խաղաղությունը եւ նաեւ վնաս հասցնել բանակցային գործընթացին:
Սակայն սա չի նշանակում, որ հայկական կողն ակնկալիքներ չունի միջազգային հանրությունից. “Այստեղ ուզում եմ կարեւորել խորհրդարանական ձեւաչափով մեր անելիքները. առաջիկայում մի շարք միջոցառումներ կան, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանն է լինելու, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստերն են տեղի ունենալու եւ բոլոր այս վեհաժողովրդական հարթակներում մենք պետք է հստակ ներկայացնենք մեր դիրքորոշումը, ակնկալելով այս կազմակերպություներից հստակ գործողություն”,-ասաց նա: