07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

«Ադրբեջանցիները մեր Վարդենիսի սարի տակ դիրքավորված են, հիմա եթե սրանից առաջ գան, չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել»

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Վարդենիսում իրավիճակը շարչունակում է նույնը մնալ, մայիսի 13-ին թշնամին առաջ է եկել ու շարունակում է մնալ իր առաջ եկած տեղում։

«Ինչպես Սյունիքում, այնպես էլ Գեղարքունիքում եկել են ադրբեջանցիները, առանց զինված հարձակման, առանց կրակոցի, հատում են մեր պետական սահմանը, եթե կարելի է ասել՝ պետական սահման, որովհետև այդպիսի սահմանում չունենք։ Ստացվում է, որ նրանք ոտնձգություն են իրականացնում Հայաստանի սուվերեն երկրի պետական սահմանի նկատմամբ, ու դեռ մենք որևէ գործողություն չենք անում։ Հիշում եք, երկու շաբաթ առաջ ես վարչապետից հետաքրքրվեցի ՀՀ սահմանների կահավորման մասին և ասացի, որ որևէ աշխատանք չի արվում, մենք չունենք խրամատներ, կահավորված առաջնագիծ, անվտանգ միջավայր մեզ համար չունենք։ Փոխարենը՝ ստացա ագրեսիվ պատասխան, այնուհետև ֆեյքային ու ոչ ֆեյքային հարձակում, թե ես փորձում եմ ադրբեջանական ուժերին ինչ-որ տեղեկություններ հաղորդել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը:

Նա նշեց, որ եղել է առաջնագծում, բոլորն էլ գիտեն, որ ադրբեջանական զինուժը առաջնագծից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում։ Հետևաբար՝ որևէ մեկին որևէ տեղեկատվություն պետք չէ տալ, թշնամին ամեն ինչ իր աչքով է տեսնում։

«Երբ հարց է բարձրաձայնվում, փոխանակ հետևություն անեին, փորձեցին անլրջացնել հարցը։ Հիմա ուզում եմ կրկին այդ հարցը բարձրացնել, ինչպե՞ս է ստացվել, որ անզեն թշնամին մտել է ՀՀ տարածք։ Մեր Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, թե չէին կարող միանգամից առաջնագիծը կահավորել, աստիճանաբար էին անում, և թշնամին կարողացել է ներս մտնել այն հատվածներով, որոնք կահավորված չեն եղել։ Բա իմ հարցն էլ էր դրա մասին, մենք կես տարի ժամանակ ենք ունեցել, ինչո՞ւ են խոսում ոչ կահավորման մասին։ Մեր առաջնային խնդիրը սա էր, ոչ թե ընտրությունները, որ գնացել քարոզարշավ են անում, ցուցակներ են գրում ու ջնջում, ո՞ւմ համար են քարոզարշավ անում, եթե վաղը մենք երկիր չենք ունենալու»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը հավասարապես զբաղված են իրենց անձնական քաղաքական ապագան կառուցելով, բայց ո՞ր երկրում՝ չի կարողանում հասկանալ։

«Ադրբեջանցիները մեր Վարդենիսի սարի տակ դիրքավորված են, հիմա եթե սրանից առաջ գան, չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել, իսկ նրանք հանդգնություն ունեն առաջ գալու և որևէ դիմադրության չեն արժանանում։ Մենք անհրաժեշտ ենք համարում, որպեսզի արտահերթ նիստ հրավիրվի, և մենք քննարկենք մեր սահմանային խնդիրները»,- ընդգծեց նա։

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ