24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չծուլանալ, չհուսահատվել, միայն հավատալ

«Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»: Մարկոս Թ 22

Ո՞րն է այն ձեռքը, որ պահել է քեզ, երբ ընկնում էիր։ Ո՞ւր ես քայլել մխիթարություն գտնելու համար։ Ի՞նչն է օգնել քեզ, որ ոտքի կանգնես ու շարունակես ճանապարհդ, ի՞նչն է քեզ լուսավորել համատարած խավարի մեջ։ Ի՞նչ ես դու տեսնում, երբ նայում ես վեր․․․

Երևանյան ջերմ ու գարնանային երեկո է․ քրոջս և մտերիմ ընկերուհուս հետ իմ տան պատշգամբում վայելում ենք տաք օդը, զրուցում։ Մտքերն ինձ տանում են մի քիչ հեռու, դեպի այն ժամանակները, երբ ես մենակ էի, չունեի իմ էությանը կից ընկերներ, երբ ամեն օրս բախվում էր հանրության, դրանում իշխող կեղծ արժեքներին։

Դեռահասությանս տարիներին ես շատ ավելի ծանր խնդիրներ եմ ունեցել, քան երբևէ։ Երբևիցե ավելի մենակ, ճնշված ու անօգնական չեմ եղել, ինչպես այդ ժամանակ։ Բայց հիմա, երբ մտովի հետ եմ գնում, հասկանում եմ, որ հենց այդ շրջանում եմ ճանաչել կյանքը ու ստացել բազում ընծաներ երկնքից, կրթվել։ Աչքերս արցունքներով լցված՝ քրոջս հարցնում եմ՝ ախր ինչպե՞ս եմ կարողացել տանել այդ ամենը բոլորովին մենակ՝ անընկեր, անաջակից։ Հետո հիշում եմ հավատս, լեռներ շարժելու ունակ, մաքրամաքուր հավատս, որ փրկել ու կայացրել է ինձ։

Հավատն է եղել այն ամուր ձեռքը, որ պահել է ինձ սայթաքելիս, հավատն է ինձ ուղղորդել  եկեղեցի, երբ միակ ցանկությունս դեպի կամուրջ գնալն էր։ Հավատն է օգնել, որ ընկածս տեղից վեր կենամ, գնամ գրախանութ, գնեմ գրքեր՝ Աստծո մասին պատմող, քաղցս հագեցնեմ, կարոտս փարատեմ, ճանաչեմ, ճանաչեմ Աստծուն, մտերմանամ երկնքի հետ, գտնեմ-կորցնեմ ինձ ու նորից գտնեմ։ Քանի՞ անգամ եմ օգնության ակնկալիքով թերթել Աստվածաշունչն ու գտել փնտրածիցս ավելին։ Անթիվ անգամներ։ Փնտրողը գտնում է։ Փնտրող է պետք լինել, հոգևորի համար տեղ թողնել՝ կարևոր մի տեղ, մտերիմ լինել Աստծո ու երկնքի թռչունների հետ, լայն օրերի ժամանակ չմոռանալ նեղ օրերի մասին և շնորհակալ լինել ամեն լիության համար, տառապանքի ժամանակ հուսահատության ճիրաններում չհայտնվել, թույլ չտալ չարին մսխել հույսը, սերը, հավատը, ծնկի չգալ դժվարություններից, ծնկի գալ խորանի առաջ, շնչել անուշ խնկաբույրն ու հավատալ, հավատալ, հավատալ, որ Աստված քեզ համար միայն ընծաներ ունի, միայն ընծաներ ու սեր, նայի՛ր երկնքին, նայի՛ր, նայի՛ր՝ կտեսնես։

Մենք շատ, շատ ճգնաժամային փուլում ենք հիմա։ Մեր հասարակությունը շատ բացեր ունի, շատ։ Մենք անընկեր ու անաջակից ենք, վերքոտ ու խոցված, ամեն թեթև հարվածից ընկնելու պատրաստ։ Բայց ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ճգնաժամ ավելի ուժեղ դառնալու, ամրանալու, կրթվելու և առաջ գնալու համար է պետք օգտագործել։

Մենք պիտի ընդունենք, որ տասնամյակներով ոչինչ չենք արել, որ չհայտնվենք այս իրավիճակում։ Ծուլությունը մահացու մեղք է։ Մենք եղել ենք ծույլ, անհեռատես, չենք ցանկացել աշխատել, չենք աճել։ Իսկ դա մեզ վրա թանկ է նստում։ Ինչո՞ւ, որովհետև մենք ի բնե արարող ենք, առաջատար, լուսավոր և ուժեղ։ Հոգևորը մեր մեջ արմատներ ունի, բայց մենք տասնամյակներ շարունակ չենք սնել այդ արմատները, ձևացրել ենք միայն, թե խնամում ենք։ Ձևացրել ենք, թե հավատ ունենք, թե Սուրբ Գիրք ենք կարդում, թե Աստծո հետ կապ ունենք, թե քրիստոնյա ենք․․․ Բայց այդ ժամանակները անցյալում են։ Իրենց կյանքը մեզ համար տված տղաները փակել են ձևականության դռները։ Մեզ բովանդակություն է պետք ու հավատ։ Խորը, ամրացնող, վերընձյուղման տանող հավատ։

Որտեղի՞ց գտնել հավատն այդ և ինչպե՞ս հզորանալ դրանով։ Այն մեր ներսում և դրսում է։ Կենարար, աջակցող, մխիթարող, կրթող, կայունացնող, ուժ տվող հավատն ամենուր է մեր երկրում։ Պարզապես ճանաչել ու տեսնել է պետք։ Մեզ օդի պես ինքնաճանաչում է պետք։ Գնացե՛ք, գնացե՛ք հինավուրց եկեղեցիներ և ուշադիր զննեք ամեն քար, գնացեք Ախթալայի վանական համալիր ու նայեք որմնանկարներին։ Դուք կապշեք մեր ունեցածից, մեր հարստության չափից, մեր ազգային իմաստությունից ու պարզությունից, մեր ճաշակից, մեր սիրուց։ Ամեն օր ջուր խմելու պես Կոմիտաս լսեք ու թույլ տվեք, որ դա լսեն նաև ձեր երեխաները։ Ամեն օր ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչի՞ հանդեպ եմ խնամք տարել, ո՞ւմ հավատի տաճարն եմ ամրացրել, ինձնից լույս ճառագո՞ւմ է, ինձ նայելով Աստծուն հնարավո՞ր է տեսնել, մանանեխի չափ հավատ ունե՞մ։ Սա աշխատանք է, հոգևոր աշխատանք, որը պիտի տանենք, թե ուզում ենք մեր լինելությունը պահպանվի այս չքնաղ հողի վրա, այս չքնաղ արևի տակ։ Մենք պիտի խնամենք մեր տունն ու ունեցածը, աչքի լույսի պես հոգ տանենք ամեն քարի ու թփի մասին, որովհետև երկրորդ հայրենիք մեզ չի նվիրելու նույնիսկ Տերը: Ծուլությունը մահացու մեղք է, հուսահատությունը՝ ևս․․․

Ո՛չ ծուլանալ կարող ենք, ո՛չ հուսահատվել․․․ միայն հավատալ։ Որովհետև ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է։ Ամեն։

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ