24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փրկարար ծառայությունում՝ ավելի քան 4 մլն դոլարի ոչ արդյունավետ ծախս․ 168.am

168.am-ը գրում է․

«Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչությունը հաշվեքննություն է իրականացրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության (ՓԾ) 2018-2020թթ․ գործունեության նկատմամբ, որի արդյունքներով մի շարք ուշագրավ բացահայտումներ է կատարել։

Փրկարար ծառայության ծախսային արդյունավետության գնահատման նպատակով իրականացվել է ելքի ինքնարժեքի (ուղղակի ծախսեր/ելքերի քանակ) հաշվարկ։ 2020թ․ մեկ մարտական հաշվարկի ելքի ամենամեծ ինքնարժեքը գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 1,521․1 հազ. դրամ, իսկ ամենացածրը՝ Երևան քաղաքում՝ 176․1 հազ․ դրամ։ 2018-2020թթ․ միավոր ելքի միջին ինքնարժեքը կազել է 331,362 դրամ։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, միջազգային պրակտիկայում լավագույններից համարվող ԱՄՆ փրկարար ծառայության մեկ կանչի միջին ինքնարժեքը 2018թ.-ին կազմել է 660 հազ․ դրամ (1300 ԱՄՆ դոլար), Մեծ Բրիտանիայում՝ 470 հազ դրամ (680 ֆունտ ստեռլինգ) և այլն։

Ավելին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կողմից մեկ զանգի սպասարկման ինքնարժեքը Երևան քաղաքում կազմել է 376 դրամ, մարզերում՝ 488 դրամ, իսկ մեկ կանչի արձանագրման ինքնարժեքը, համապատասխանաբար՝ 25․1 հազ․ դրամ և 44․1 հազ. դրամ։

Հիմնվելով հաշվեքննության արդյունքների վրա՝ Հաշվեքննիչ պալատը եզրակացրել է, որ փրկարար ծառայության համար հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման կառավարումը չի եղել արդյունավետ և չի հանգեցրել օրենսդրորեն սահմանված նպատակային արդյունքների ամբողջական իրականացմանը։ Պալատը նաև արձանագրել է, որ 2018-2020թթ․ արդյունքներով եղել է 2 միլիարդ 88 միլիոն դրամի (ավելի քան 4 մլն դոլարի) ոչ արդյունավետ ծախս։

Ըստ հաշվեքննության եզրակացության, Երևան քաղաքի 6 վարչական շրջաններում հրշեջ մեքենաների թիվը 27-ով պակաս է քաղաքաշինության նորմերով սահմանված քանակից, իսկ Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում հրշեջ կետեր առհասարակ տեղակայված չեն։ Թե այս պայմաններում ինչպե՞ս է Փրկարար ծառայությունը պատրաստվում դիմագրավել հնարավոր աղետներին, դժվար է ասել, մնում է միայն հուսալ, որ այդպիսիք չեն լինի, հակառակ դեպքում կրկին կարող է պարզվել, որ, ասենք, փրկարար ծառայությունը 10 տոկոսով է պատրաստ, կամ, ասենք, դրա մասին սխալ են զեկուցել։ Հիշեցնենք, որ նախքան Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը՝ փրկարար ծառայությունը, շնորհիվ երջակահիշատակ Արմեն Երիցյանի, լավագույնն էր Հայաստանում և մշտապես կանգնած էր բնակչության կողքին։ Սակայն կարծես թե տարիների ավանդն ու ներդրումը մսխվել է, և այսօր ունենք ծառայություն, որն ուղղակի ի վիճակի չէ դիմագրավել մարտահրավերներին։

Սակայն Հաշվեքննիչ պալատի եզրակացությունից պարզ է դառնում, որ փոխարենը պետական բյուջեի միջոցներն ուղղվեն կարևորագույն խնդիրների լուծմանը, փրկարար ծառայությունը ևս զբաղված է պարգևավճարներ ու հավելավճարներ բաժանելով, ընդ որում՝ դա անելով շարքային կազմի հրշեջ-փրկարարների հաշվին։

Հաշվեքննիչ պալատը բացահայտել է, որ ջոկատներում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկների գերակշիռ մասը սահմանված 6-ի փոխարեն՝ բաղկացած է՝ 4, երբեմն՝ նաև 3 հրշեջ-փրկարարից։ Այսինքն՝ մեր երկրում փրկարարները կես անձնակազմով են ստիպված լուծել ամբողջ 6 հոգանոց ջոկատի խնդիրները։

Բայց սա դեռ ամենը չէ: Հաշվեքննիչ պալատը պարզել է նաև, որ կենտրոնական ապարատը կազմում է ծառայության ավելի քան 20%-ը (շուրջ 600 հաստիք), իսկ ապարատի մի շարք վարչություններ ունեն 30-ից ավելի հաստիքներ։ Միաժամանակ, Ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրամադրվող հավելավճարների տրամադրման կարգի բացակայության հետևանքով, 2020թ.-ին հավելավճարների ընդհանուր գումարի 31.6%-ը կամ 592,785.4 հազ. դրամը վճարվել է կենտրոնական ապարատի ծառայողներին, ովքեր ծառայության առանձնահատուկ պայմաններին չեն առնչվել, և հրշեջ-փրկարարական աշխատանքներին ուղղակի մասնակցություն որևէ կերպ չեն ունեցել։

ՓԾ հաստիքացուցակում ներառված և վերջինիս բյուջետային միջոցներից վարձատրվող թվով 146 փրկարար ծառայողներ, առանց որևէ իրավական հիմնավորման, ՀՀ տարածքում գործող թվով 11 հատուկ նշանակություն ունեցող օբյեկտներում իրականացրել են փրկարար ծառայողին չվերապահված գործառույթներ, այն դեպքում, երբ այդ գործառույթները վերոնշյալ օբյեկտների ամենօրյա ուղղակի պարտականությունն է եղել, սակայն, թե որ օբյեկտների մասին է խոսքը, հաշվեքննիչ պալատը չի նշում։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը հրապարակվել է մարտի 30-ին, սակայն արձանագրված անարդյունավետ ծախսի վերաբերյալ ոչ ԱԱԾ-ու կողմից, ոչ գլխավոր դատախազության կողմից աղմկահարույց հանցագործության մասին հաղորդագրություն և տեսանյութ դեռևս չի հրապարակվել։ Միգուցե և այն պատճառով, որ հաշվեքննիչ պալատի եզրակացությունն ամբողջությամբ վերաբերում է հետհեղափոխական Հայաստանին, և, որ այստեղ նախկինների մեղքը հնարավոր չէ գտնել, հատկապես որ, նախկինների, հատկապես՝ երջանկահիշատակ Արմեն Երիցյանի ժամանակ կառույցը փայլուն աշխատում էր ու վայելում բոլորի սերն ու հարգանքը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ