Հայրենզարկությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր է
Միքայել Մալխասյան ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ, ԱՅԼԵՎ ՀՈԳԵՎՈՐ Է (Զուգահեռ իրականություն. մաս 11) Վերջին օրերին հետևում եմ Արցախի` մեր արևելյան հարևան Ադրբեջանի կողմից նվաճված հատվածում հայկական մշակութային հետքի հետևողական դիմախեղման և ոչնչացման գործողություններին, որոնցից ամենացցունը երեկ Շուշիի Սբ. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) մայր եկեղեցու հետ կատարված հերթական վանդալիզմն էր։ Էլ չեմ խոսում թուրքական և ադրբեջանական հասարակական-քաղաքական շրջանակներից Շուշիի նշանակությանը տրվող պանթյուրքական գնահատականների մասին։ Հայրենազրկումը, փաստորեն, շարունակվում է ֆիզիկական իրականությունից արդեն նաև հոգևոր դաշտում։ Իսկ այս ամենին զուգահեռ ի՞նչ օրակարգեր են գերիշխում Հայաստանում. բուհական կառավարման պսևդոռեֆորմ, թուրք-ադրբեջանական տարածաշրջանային նախաձեռնությունների արդարացմանն ուղղված թեզերի շրջանառում, տնտեսական մտացածին օգուտի մասին մտքերի տարածում, ռուսական ռազմաքաղաքական ներկայության գործոնի հետևողական վարկաբեկում, և, վերջապես, խորհրդարանական ենթադրյալ ընտրությունների հետ կապված գործընթացներ… Մեր հասարակության մեջ ակնհայտորեն նշմարվում է զուգահեռ երկու իրականությունների գոյությունը` պսևդոռոմանտիկ (մեզ ժպտացող աշխարհով) և պրագմատիկ (տարածաշրջանային դաժան իրողությունները գիտակցող) պատկերացումների համադրությամբ ու հակադրությամբ։ Եվ այսպես է լինելու, քանի դեռ հասարակության մի ստվար մաս չգիտակցի, որ իրենց անձնային և ընկերային ազատությունը, բարեկեցությունը և երջանկությունը չեն կարող լիարժեք իրականություն դառնալ, քանի դեռ չկա երաշխավորված պետական անվտանգություն` սահմանների անքակտելիության ներքին և արտաքին երաշխիքների համադրությամբ։ Համընդհանուր անվտանգությունը գերակայություն է…
Միքայել Մալխասյան