23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի գործով, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Օնիկ Գասպարյանի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնելու մասին։

Միջնորդությունը քննարկվել է ապրիլի 2-ին կայացած դատական նիստի ընթացքում։ Սարուխանյանը պնդել է միջնորդությունը՝ նշելով, որ սույն գործով ակնկալվող վերջնական դատական ակտի «կատարումը» չի կարող դժվարանալ կամ անհնարին դառնալ և բացակայում է հայցի ապահովման անհրաժեշտությունը։

Բացի դա՝ վերջինս պնդել էր, թե հայցադիմումը ենթակա չէր վարույթ ընդունման, հետևաբար, դրա շրջանակներում չէր կարող բավարարվել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Փաշինյանի ներկայացուցիչ Սարուխանյանը նաև մատնանշել է հանրային և անձնական շահերի հարաբերակցության խնդիրների մասին

Ներկայացված փաստարկների վերաբերյալ հայցվոր կողմի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ներկայացրել է առարկությունները՝ ընդգծելով, որ որևէ հիմնավորում չի ներկայացվել, ավելին, ըստ պատասխանող կողմի, իրենք անգամ վերջնական դատական ակտը չեն պատրաստվում կատարել։

Ըստ Օրբելյանի՝ պատասխանող կողմից երկու անուղղակի բողոք է բերվել՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումների դեմ։

Դատարանը, լսելով կողմերին և ուսումնասիրելով գործի նյութերը, արձանագրել է, որ պատասխանող կողմի միջնորդության առաջին, չորրորդ և հինգերորդ մասերն, ըստ էության, դատողություններ են հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման իրավաչափության վերաբերյալ, մինչդեռ՝ նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, բողոքարկման ենթակա դատական ակտ չէ, իսկ վարչական դատարանը չունի իր կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի իրավաչափության ստուգման լիազորություն։

Ինչ վերաբերում է իրավահարաբերության բացակայության ճանաչման հայցի՝ վարույթ ընդունման ենթակա չլինելու վերաբերյալ պատասխանողի պնդումներին, դատարանն արձանագրել է, որ հայցատեսակի մասով եզրահանգման վերաբերյալ իրավական գնահատականը կարող են տալ միայն վերադաս դատական ատյանները՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված համապատասխան բողոքների քննության շրջանակներում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը չի անդրադարձել նշված մասերի փաստարկներին, քանի որ դրանք դուրս են միջնորդության քննարկման ծավալներից, և դրանք չեն վերաբերում հնարավոր դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հետ կապված հանգամանքների վերացմանը։

 

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է պատասխանողի միջնորդությունը՝ արձանագրելով, որ պատասխանողը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ առ այն, որ հանգամանքների փոփոխությամբ պայմանավորված` վերացել է հայցի ապահովման միջոցի անհրաժեշտությունը, իսկ դատական ակտերի իրավաչափության վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի փաստարկները հիմք չեն հայցի ապահովումը վերացնելու համար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումներից մեկի շրջանակներում ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։

Աղբյուր` Փաստինֆո

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ