Նախագահ Սաակաշվիլին շրջագայում է աշխարհով մեկ եւ ստեր տարածում. Իվանիշվիլի
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Բանակցությունները բարդ կլինեն, քանի որ նախօրեին ՆԱՏՕ-ի խորհրդարանական ժողովը Վրաստանի վերաբերյալ խիստ բանաձեւ է ընդունել` ընդգծելով, որ իշխանությունների կողմից ընդդմադիրների հետապնդումները քաղաքական դրդապատճառներով անթույլատրելի է, գրում է “Независимая Газета”-ն:
Ռասմուսենի հետ հանդիպման ընթացքում Իվանիշվիլին պետք է ցրի այդ թյուր կարծիքը, որը ձեւավորվել է Վրաստանի նախկին իշխանական` “Միացյալ ազգային շարժում” կուսակցության ՆԱՏՕ-ին տրամադրած ինֆորմացիայի արդյունքում:
Բանաձեւը նոր իշխանություններին շփոթմունքի մեջ է գցել: Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, լինելով Չեխիայում եւ ժողովի ընթացքում հանդիպելով Ռասմուսենի հետ, ճիշտ է այն հարցում, որ “նման խառնաշփոթ իր երկրում դեռեւս ոչ ոք չի առաջացրել”: Նա իր ափսոսանքն է հայտնել ՆԱՏՕ-ի վերաբերմունքի համար եւ շարունակել է իր եվրոպական “շրջագայությունը” Պրահայից Բրյուսել, որտեղ արդեն ժամանել է Իվանիշվիլին:
Վրաստանում ոչ ոք արդեն չի էլ կասկածում, որ Հյուսիսատլանտյան դաշինքի փաստաթուղթը ստորագրվել է հենց Սաակաշվիլիի ջանքերի շնորհիվ: Հատկապես, որ այն հայտնվել է Իվանիշվիլիի առաջին արտասահմանյան այցի ընթացքում:
Սակայան Իվանիշվիլին մի քանի ժամ անց ավելի կտրուկ է արտահայտվել: “Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շրջագայում է աշխարհում եւ ստեր տարածում: Իր հայտարարություններով նա պատրանքներ է ստեղծում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, եւ, ընդհանրապես, անհասկանալի է` ուր եւ ինչի համար է նա մեկնում”,-հայտարարել է Իվանիշվիլին` խոստանալով արագ վերջ տալ այդ ամենին, ինչը Վրաստանի համար լավ ավարտ չի ունենա: