Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության հետ, որը հնչել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ:
Հարց. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը, համաձայն իր պարտավորությունների, հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից առաջ։ Կխնդրեմ Ձեր մեկնաբանությունը այս հայտարարության առնչությամբ։
Պատասխան. Սա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է հումանիտար բնույթի այս հրատապ հարցի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարությամբ հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը՝ գերեվարված ինչպես ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո:
Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացնում նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը զբաղվում է այս հարցով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործի շրջանակներում։ Դատարանը վերջերս որոշում է կայացրել այս առնչությամբ ծանուցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները եւ չի տրամադրել ամբողջական տեղեկատվություն։ Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։ Պետք է ընդգծեմ, որ միջանկյալ միջոցների չկատարումը հավասարազոր է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման։