15 Հունիսի, Երեքշաբթի, 2021
KFC

ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում Աննա Հակոբյանի ճանապարհորդությունների ժամանակ նրանց ուղեկցող թիկնապահների գործուղումների համար ծախսված գումարի չափը

20814343

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիք է համարում Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ճանապարհորդությունների ժամանակ նրանց ուղեկցող թիկնապահների գործուղումների համար պետական միջոցներից ծախսված գումարի չափը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աննա Հակոբյանը դուստրերի հետ 2021թ հունվարի 14- ին մեկնել է Մոսկվա։ Ըստ շրջանառվող լուրերի՝ միայն տոմսերի համար ծախսվել է ավելի քան 10 հազար ամերիկյան դոլար։ Մոսկվայում շուրջ մեկ շաբաթ մնալուց հետո Հակոբյանը մի քանի օրով վերադարձել է ՀՀ, ապա հունվարի 30-ին կրկին մեկնել արտերկիր, այս անգամ՝ ԱՄՆ՝ ըստ մամուլի տեղեկությունների՝ ԱՄՆ-ում իր ծննդյան տարեդարձը նշելու։

«Փաստինֆ»-ն գրավոր հարցմամբ դիմել է ԱԱԾ՝ պարզելու, թե ԱԱԾ պետական պահպանության ծառայության քանի ծառայող է ուղեկցել Աննա Հակոբյանին և նրա դուստրերին՝ Մոսկվա, ինչպես նաև՝ ԱՄՆ կատարած շրջագայության ժամանակ, որքան է թիկնապահների ուղեւորությունն արժեցել սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի մեջ գտնվող երկրի բյուջեի վրա։ Մասնավորապես՝ խնդրել էինք տեղեկացնել, թե պետական պահպանության ծառայության քանի ծառայող է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի տիկնոջն իր մասնավոր այցերի ժամանակ, որքան է կազմել նրանց գործուղման ծախսը, այդ թվում՝ ինքնաթիռի տոմսը, գիշերակացի և օրապահիկի չափը, սակայն ԱԱԾ-ն խուսափել է պետական բյուջեից ծախսված գումարի մասին տեղեկություն տրամադրել՝ պետական գաղտնիք է։

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Պետական պահպանության ծառայությունում պետական և ծառայողական պաշտպանությունն իրականացվում է պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրության համաձայն։ Հայցվող տեղեկությունը, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածների համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, ուստի և նույն օրենքի համաձայն դասվում է պետական և ծառայողական գաղտնիքի շարքին։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8֊րդ հոդվածը՝ ներկայացված հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ-,֊ նշված է ԱԱԾ պատասխանում։

Ընդգծենք, որ «Փաստինֆո»-ն տեղեկություն չէր խնդրել գաղտնի գործողությունների մասին, չէր հարցրել անվտանգությունն ապահովումն իրականացվել է արտաքին, թե ներքին դիտմամբ, այլ միայն ցանկացել էինք պարզել պետական միջոցի վատնման իրական ծավալները, թե որքան են նստում Փաշինյանի ընտանիքի անդամների մասնավոր շրջագայությունները պետության վրա՝ միայն թիկնապահների ուղեկցումն ապահովելու համար։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ