«Իմ քայլի» պատգամավորը հայտարարել է, թե կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է /Տեսանյութ/
«Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Пограничная ZONA» պրոյեկտի օնլայն կոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներ, արել է մի շարք հակահայ հայտարարություններ՝ հավասարության նշան դնելով պատերազմ սկսած, 5000-ից ավելի զոհերի պատճառ դարձած և Արցախի 80 տոկոսը զավթած Ադրբեջանի ու Հայաստանի միջև:
«Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, և դա մեզ բերել է պատերազմի»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ասում է. «Կարևոր է ընդունել փաստը, որ նրանք արդեն այստեղ են։ Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ՝ մենք չենք կարող փոխել իրողությունը։ Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, մենք պետք է օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովենք անվտանգ կյանքի պայմաններ հայերի և ադրբեջանցիների համար, եթե վերջիններս ցանկանան վերադառնալ։ Կախված այդ ջանքերից՝ մենք կամ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր մոտ ևս 5 տարի, կամ կունենանք խաղաղություն տարածաշրջանում»:
Թշնամիների ներկայությամբ «իմքայլականը» խոսել է «ռևանշիստական», Հայաստանում հնչող ազգայնական հայտարարությունների մասին՝ ասելով. «Հայաստանը դեմոկրատական երկիր է, և մենք ունենք տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ նացիոնալիստական։ Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում է ՀՀ ԱԳՆ-ն, ԱԺ-ն, իշխող կուսակցությունը և Վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռևանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրությանը, ընդունելի չեն Հայաստանի համար»: