Սմբատին դաժանաբար սպանած ադրբեջանցի դիվերսանտները այսօր կկանգնեն դատարանի առաջ
Այսօր, հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ Ստեփանակերտում սկսվում է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի՝ կալանավորված երկու անդամների գործով դատավարությունը:
Փաստաբան Արկադի Իսրայելյանը կպաշտպանի ամբաստանյալների շահերը: ԼՂՀ ոստիկանության տվյալով՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:
Դատը կկայանա Ստեփանակերտի առաջին ատյանի դատարանում՝ Անատոլի Թադեւոսյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում Քարվաճառի Ջոմարդ գյուղում 17-ամյա Սմբատ Ցականյանը դուրս է եկել ՛՛Ճումեն՛՛ կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել: Հուլիսի 12-ին հայտնաբերվում է Սմբատ Ցականյանի դին “Թուրքի գերեզման” կոչվող տարածքում: Ըստ տեղեկությունների` նրա վրա առկա են եղել դանակի բազմաթիվ հետքեր, պարանոցի շրջանում՝ դանակի հարվածների տեղեր:
Նախաքննության տվյալներով Սմբատ Ցականյանին առևանգել և սպանել են ադրբեջանցի դիվերսանտները: