26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամեն մեկն, ով կանի այն, ինչ ասում է Քրիստոս, Աստծո արքայությունը կբացվի նրա առաջ, և անհնարինը կդառնա հնարավոր

Սա է Աստվածածնի միակ պատգամը Ավետարանում, որն ուղղված է ոչ միայն Գալիլիայի Կաննա քաղաքի հարսանիքի սպասավորներին, այլ նաև մեզ այսօր. «Քրիստոս ինչ որ ասի ձեզ, արե՛ք»: Ամեն մեկն, ով կանի այն, ինչ ասում է Քրիստոս, Աստծո արքայությունը կբացվի նրա առաջ, և անհնարինը կդառնա հնարավոր:

 Քրիստոս կատարեց Իր առաջին հրաշքը՝ ջուրը գինի դարձրեց։ Հրաշքը տեղի ունեցավ Աստվածածնի խնդրանքով, երբ վերջինս դիմեց Քրիստոսին և ասաց. «Գինի չունեն»:

 Մարդկանց սրտերը փափագում էին ուրախության, իսկ գինին սպառվել էր: Քրիստոս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ով կին, իմ ժամանակը դեռ չի հասել»: Աստվածամայրը Քրիստոսի հարցին պատասխանում է կատարյալ հավատի դրսևորմամաբ: Նա անսահման հավատում էր Որդու իմաստությանը, Նրա սիրուն և աստվածությանը: Եթե նույնիսկ չգիտեր, թե ինչ կանի Հիսուս, վստահ էր, որ ինչ էլ անի, կլինի լավագույն լուծումը: Պարզապես մնում է, որ մենք էլ վստահենք Տիրոջը և անենք այն, ինչ ասում է:

 Հիսուսին հրավիրեցին հարսանիք՝ որպես սովորական մի հյուր, բայց Նա գնաց՝ որպես Փրկիչ: Բնական է, այլ կերպ չէր էլ կարող լինել: Քրիստոս մեզ համար սովորական թվացող ցանկացած իրավիճակում բացահայտում է երկնքի արքայությունը և Ինքը դառնում դեպի այն տանող ճանապարհը: Քրիստոս միշտ ամենասովորական գործով էր զբաղված, բայց դա անում էր անսովոր սիրով ու գթասրտությամբ: Ահա սա է հրաշքը, որը միշտ մենք ունենք ու չենք նկատում, քանի որ կարծում ենք, որ Աստված գործում է արտասովոր իրավիճակներում: Քրիստոս ցույց տվեց, որ հրաշքի համար պետք է ոչ թե արտասովոր իրավիճակ, այլ ամենապարզ սերն ու գթասրտությունը, որոնք մեզանում արժեզրկված են, քանի որ սովորական ենք համարում. չէ՛, մեզ պետք է, որ երկնքից աստղեր ընկնեն, որպեսզի հավատանք:

 Հրաշքի, բժշկության, հաջողության ակնկալիքով՝ Քրիստոսին հրավիրում ենք մեր կյանք, բայց Նա գալիս է որպես փրկիչ ու երկնքի արքայության դռներն է բացում մեր առաջ̀ իմաստավորելով մարդկային կյանքի ուրախությունը: Տերը պատրաստ է մեզ հետ կիսել մեր ուրախությունը և այն կրկնապատկել: Մարդիկ կան, ովքեր կասկածանքով են վերաբերվում ուրախությանը: Հավատքը նրանց համար զսպաշապիկ է, որն արգելում է արձագանքել ուրախությանը: Այդ զսպաշապիկը հաճախ այնքան է կարծրանում, որ մեր մեջ ծածկում է իրական մարդուն, մարդկայինը: Եթե ցանկանում ենք կյանքը փոխել, ավելի լավը դարձնել, ապա մեզ ներքին ու արտաքին ամուր պատնեշ-զսպաշապիկներ պետք չեն․ մեզ ընդամենը պետք է բարություն, պարզ հայացք, սեր, ուրախանալու և դիմացինի ուրախությունը կիսելու ցանկություն:

 Այս հրաշքը տեղի ունեցավ համեստ մի տան մեջ, հասարակ մարդկանց համար, ոչ թե բազմամարդ հրապարակներում, կամ թագավորական պալատներում: Աստված միշտ Իր փառքը բացահայտում է խոնարհ միաջավայրում, Աստծո ներկայության համար կարևոր է ոչ թե շքեղությունը, փայլը, այլ մաքրությունը և խոնարհությունը:

Աստված ոչինչ պարտավոր չէ՝ մեզ համար անելու: Ու հրաշքն այն է, որ  սիրենք Տիրոջը ոչ թե նրա համար, որ ինչ-որ բան է անում, այլ որ ներկա է մեր կյանքում, որ սիրում է մեզ, ու մենք էլ սիրում ենք Իրեն:

Ավետարանը ներկայացնում է ոչ թե այն, ինչ արեց Քրիստոս, այլ թե ինչ է անում Քրիստոս միշտ: Տերն այսօր էլ ամենասովորական կերպով հայտնվում է մեզ̀ նորոգելով մեր կյանքը հավիտենական ուրախությամբ: Նա հայտնվում է մեր կյանքի ամենասովորական իրավիճակներում, ամենասովորական կերպով՝ Իր անսովոր սիրով ու բարությամբ նորոգելով մեր կյանքը և աստվածային շնորհներով զարդարելով: Քրիստոս միշտ մեր կյանքի ամենասովորական ջուրը փոխում է արտասովոր գինու: Պարզապես մենք էլ պիտի կարողանանք անել այն, ինչ Քրիստոս մեզ ասում է, ու Աստծո կամքի պահպանությամբ՝ հավիտենապես փառաբանենք Տիրոջը այժմ և միշտ և հավիտյան. ամեն:

qahana.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ