ԲՀԿ-ին մերժեցին
Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որոնք վերաբերում են սահմանային գոտու համայնքների հարկային արտոնություններին:
Նախագիծը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը կիսում է պատգամավորների մտահոգությունը՝ սահմանամերձ համայնքների սոցիալական խնդիրների լուծման հետ կապված, ուստի արդեն իսկ ԱԺ է ուղարկվել Կառավարության հեղինակած փաթեթը սահմանամերձ համայնքների մասով:
ԲՀԿ-ական պատգամավորների օրենսդրական փաթեթի մաս են կազմում սահմանային գոտու համայնքների գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին, ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛, ՛՛Արտոնագրային վճարների մասին՛՛ և մի քանի այլ օրենքներների նախագծերը:
Փոխնախարարի խոսքով այս նախագծի ընդունումը կարող է հարկերից խուսափելու պատճառ դառնալ այլ համայնքների համար, որոնք սահմանամերձ չեն.
՛՛Սա կարող է բերել հարկերի չարաշահման, ուստի առաջարկում ենք այն ձևակերպումները, որոնք տվել ենք Կառավարության փաթեթում՛՛,-ասաց Սաֆարյանը՝ նկատի ունենալով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելիք Կառավարության հեղինակած օրենքների փաթեթը՝ սահմանամերձ համայնքների հարկային արտոնությունների վերաբերյալ: