Պահանջում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը. Կաքավաձոր համայնքի ղեկավար
Կաքավաձոր համայնքի ղեկավար Հայկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է:
Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու սոցիալական խնդիրներ: Ամեն օր նոր խնդիրների ենք առերեսվում, հակառակորդի կողմից նոր հայտարարություններ են տարածվում, որոնք մնում են անպատասխան: Նիկոլ Փաշինյանը, կառավարության բոլոր քարոզչական լծակներն օգտագործելով, ժողովրդին սուտ տեղեկություններ տալով, տապալեց Արցախյան պատերազմը: Այժմ էլ շարունակվում է նույն ձևով: Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված:
Յուրաքանչյուր րոպեն հայ ժողովրդի համար թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Ստեղծված իրավիճակում ամեն օր, էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող վտանգը:
Ելնելով այս ամենից, ես` Հայկ Բաղդասարյանս, որպես Արագածոտն մարզի Կաքավաձոր համայնքի ղեկավար, միանում եմ իմ հայրենակիցներին, և պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Համայնքի ղեկավար` Հայկ Բաղդասարյան»: