ՀՀ-ն պետք է օգտվի պատժամիջոցների թուլացումից
Հոկտեմբերի 10-ին ստորագրվեց Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագիրը եւ հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին ուժի մեջ կմտնի:
Հայաստանի կարևորագույն խնդիրն այն է, որ ՀՀ-ն անմիջական սահման չունի ԵՏՄ անդամ պետությունների հետ: Չնայած Վրաստանի միջոցով Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ճանապարհ գոյություն ունի, սակայն լավ կլիներ Աբխազիայով անցնող երկթուղու բացումը, որի դեպքում էժան գնով փոխադրումներ կիրականացվեն: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ակտիվացնի իր դիվանագիտական ջանքերը այս ուղղությամբ և նպատակային գործողություններ ձեռնարկի Ռուսաստանում և Վրաստանում:
Այնուամենայնիվ, պետք չէ սահմանափակվել միայն աբխազական երկաթուղու բացման խնդրով: Հայաստանը պետք է շտապի նաև կյանքի կոչել Իրան-Հայաստան երկաթուղին: Հատկապես բարենպաստ պայմաններ են ստեղծվել այս նախագիծի իրականցման համար, քանի որ Արևմուտքը սկսել է հանել Իրանի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ և որոշակիորեն նորմալացնել իր հարաբերությունները Իրանի հետ: Առավել ևս, որ Իրան-Ադրբեջան անընդհատ լարվող հարաբերությունների ֆոնին Հայաստան-Իրան հարաբերություններում առկա է փոխադարձ վստահություն բարձր մակարդակ:
Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության շնորհիվ Հայաստանը ելք կունենա Իրանի տարածքով դեպի Պարսից ծոց և Կասպից ծով, ինչը շատ կարևոր հանգամանք է Հայաստանի տրանսպորտային ոլորտի դիվերսիֆիկացիայի առումով: Եթե Աբխազիայի երկաթգիծը բացվի, իսկ
հայ-իրանականը` կառուցվի Հայաստանը կարող է ապահովվել ԵՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ցամաքային կապը: իսկ Իրանը Հայաստանի համար առնացքային դերակատարություն կարող է ունենալ երկրի էներգետիկ խնդիրների լուծման համար: Բացի այդ Հայաստանը հնարավորություն կունենա օգտվելու Իրանի բազմամիլիոնանոց շուկայի ընձեռնած հնարավորությունից:
Հայաստանը երկաթծի շնորհիվ կդառնա Հարավային Կովկասում տարանցիկ կարևոր միջանցք:
Իրանի համար Հայաստանը կդառնա այն հյուսիսային պատուհանը, որի շնորհիվ իրանական ապրանքները ելք կունենան դեպի վրացական Փոթի և Բաթումի նավահանգիստներ:
Այս տեսանկյունից կարևոր է նաև Հայաստանում մեծ ներդրումների արդյունքում կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, ինչը հնարավորություն կտա Իրանը կապել Վրաստանին և ուժեղացնել Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:
Ամենայն հավանականությամբ` Իրան-Հայաստան երկաթուղու խնդրին հատուկ անդրադարձ կլինի վարչապետի` առաջիկայում սպասվող Իրան կատարելիք այցի ընթացքում:
Բայց այս խնդրում Հայաստանը պետք է շտապի, քանի որ Ադրբեջանը նպատակ ունի կյանքի կոչել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, որը ենթադրում է Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարություն, որը կմիավորի ադրբեջանական, իրանական և ռուսական երկաթգծերը:
Նախատեսվում է Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարությունը ավարտին հասցնել մինչև 2015թ.-ը: Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը ջանք չեն խնայում տարածաշրջանային ծրագրերից Հայաստանին դուրս թողնելու և շրջափակման մեջ պահելու հարցում:
Հայաստանը, եթե կյանքի կոչի Իրան-Հայաստան երկաթգծի և Աբխազիայով անցնող երկաթուղու հետ կապված իր ծրագրերը, ապա Թուրքիայի և Ադրբեջանի` Հայաստանին շրջափակման մեջ պահելու ջանքերը այլևս արդյունք չեն տա:
Նարեկ Պողոսյան