Ադրբեջանցիները մտնում են, մեր խանութներից առեւտուր անում, արդեն սովորական է դարձել. Ասկերանի քաղաքապետ․ Իրավունք
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ակնա (Աղդամ) քաղաքի ու հարակից տարածքների կորստով Ասկերան քաղաքը հայտնվել է սահմանից 200- 250 մետր հեռավորության վրա: Իսկ քաղաքի կենտրոնը հազիվ մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում ադրբեջանցիներից: Մինչդեռ արցախցիները շարունակում են վերադառնալ իրենց տներ: Այսպիսով՝ ինչ իրավիճակ է Ասկերանում այս օրերին, փորձեցինք հետաքրքրվել քաղաքապետ Հայկ Շմիրյանից, ով փաստեց.
Պատերազմը, կարելի է ասել, Ասկերանի կողքով անցավ, լուրջ վնասներ, ըստ էության, Ասկերանը չի կրել: Մինչ պատերազմը, Ասկերանի շրջանում ապրում էր մոտավոր 18 հազարից մի քիչ ավելի բնակչություն: Պատերազմի օրերին բնակչության մետ 50 տոկոսը տեղափոխվել է տարբեր ուղղություններով՝ հիմնականում Հայաստանի Հանրապետություն: Բայց արդեն կամաց-կամաց մարդիկ հետ են վերադառնում, ուղղակի որոշակի մտահոգություններ կան սահմանային իրավիճակի հետ կապված:
Կմանրամասնե՞ք:
Դե, մեկ կիլոմետր էլ չկա, որ հեռու ենք Ադրբեջանի սահմանից: Էս համաձայնագրի շրջանակում ավելի ենք մոտեցել սահմանին, դարձել ենք սահմանային գոտի: Ընդհանուր, Ասկերանի շրջանից ութ համայնք հանձնվել է Ադրբեջանին:
Հիմնական մեր գերխնդիրն այսօր տարհանված բնակիչներին բնակության վայրով, սնունդով ապահովելն է:
Պարո՛ն Շմիրյան, ասկերանցիներն ահազանգում են, որ ադրբեջանցիներն անարգել ելումուտ են անում սահմանային բնակավայրեր, անգամ փորձում ծաղրել երիտասարդ աղջիկներին, ծերերին:
Անկեղծ ասած, նման դեպքերի ականատես չեմ եղել, ավելի շուտ՝ տեղյակ չեմ: Կարող եմ ասել, որ Ասկերանից շատ մոտ հեռավորության վրա երեւում է ադրբեջանցիների շարժը: Իրենք էլ պարբերաբար սահմանազատումներ անելու պատրվակով ելումուտ են անում: Մեր գյուղացիներից շատերը կարողանում են հետները լեզու գտնել, ավելին՝ բանակցությունների միջոցով մտնել եւ արդեն հակառակորդին հանձնված տարածքներից իրենց բերքը, պաշարները հանել: Մարդ կա թողնում է, մարդ կա՝ չէ: Այ, էս վիճակն է:
Ասում են՝ ադրբեջանցիները առեւտուր են անում Ասկերանի գյուղերի հետ:
Այո, կա նման բան: Ե՛վ ադրբեջանցիները, եւ՛ խաղաղապահները մտնում են, մեր խանութներից առեւտուր անում: Արդեն սովորական է դարձել:
Սովորակա՞ն:
-Մտավախություն, իհարկե, կա, ուղղակի էն մարդիկ, ովքեր չեն տեսել թուրքի վրեժխնդիր աչքերը, չեն վախենում: Բայց տարիքով մեծերը, ովքեր պատկերացնում են, թե ով է թուրքը, ինչ կարա անի, ինչ վնասներ կարող է տալ, այ, էդ մարդիկ մտավախություն, իհարկե, ունեն