Հայաստանը միացավ ԵՏՄ-ին. Հայաստանի անդամակցությունն իր առանձնահատկությունն ունի. Սերժ Սարգսյան /լրացված/
Քիչ առաջ Մինսկում ստորագրվել է Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական միության պայմանագրեր ստորագրել էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականից:
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում
Հարգելի՛ գործընկերներ,
Վերջին տասնամյակում արդեն բարի ավանդույթ է դարձել Բելառուսում մեր երկրների համար կարեւոր որոշումների կայացում: Մինսկի ներկայիս գագաթնաժողովը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, բացառություն չդարձավ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Լուկաշենկոյին՝ այսօրվա գագաթնաժողովների աշխատանքները հիանալի կազմակերպելու եւ հյուրընկալության համար:
Քիչ առաջ պաշտոնապես հայտարարվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման ընթացակարգերի ավարտի մասին: Շնորհավորում եմ Եվրասիական միություն ձեւավորած պետություններին՝ այդ սահմանագիծ դուրս գալու կապակցությամբ:
Հուսով եմ, այս օրը կնշանավորվի նաեւ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վրա մեր համատեղ աշխատանքի ավարտով: Համոզված եմ, որ այդ պատմական փաստաթղթի ստորագրումը եվրասիական տարածքում ինտեգրացիայի նոր փուլի մեկնարկը կլինի:
Մենք շատ լավ գիտակցում ենք մեր ստանձնած առանձնահատուկ պատասխանատվությունը՝ առաջինը միանալով Պայմանագրին: Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք արդյունավետորեն իրագործել Հայաստանի միանալու գործընթացը՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը մեր երկրի համար եւ առավելագույնի հասցնելով ընդհանուր շահը:
Բանակցությունների փուլը հեշտ չէր, բայց շնորհիվ քաղաքական կամքի, պրոֆեսիոնալ մոտեցման եւ լավագույն որոշումներ փնտրելու պատրաստակամության, մեզ հաջողվեց այն անցնել բավականին կարճ ժամանակահատվածում եւ հաշվի առնել բոլոր ներգրավված կողմերի շահերը: Ես շնորհակալ եմ այդ գործընթացի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ պետության ղեկավարներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին, հանձնաժողովի կոլեգիային, բոլոր պաշտոնյաներին եւ փորձագետներին՝ այսքան կարճ ժամանակահատվածում կատարված այս ահռելի աշխատանքի համար:
Որոշումը, որը հիմք դրեց եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիիրավ մասնակցությանը, մեր կողմից ընդունվեց՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում ենք որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված, մեր երկրների համար կանխատեսելի եւ առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման հիմնական ձեւաչափ:
Իհարկե, Հայաստանի անդամակցությունն իր առանձնահատկությունն ունի՝ դա Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է: Սակայն, մենք համոզված ենք, որ այն չի խանգարի Հայաստանի ինտեգրացիային մեր ընդհանուր տնտեսական տարածքում ձեւավորվելիք կարգավորումների միասնական համակարգերին, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, ֆինանսների համակարգերին:
Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք եւ մեզ հեշտ է արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունն աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է: Մենք համոզված ենք, որ Միությունն ունի հսկայական չիրացված ներուժ աշխարհի տնտեսական քարտեզի վրա իր դիրքերի ամրապնդման համար:
Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությունը՝ հիմնվելով համընդհանուր եւ բոլորի համար հասկանալի սկզբունքների վրա, այդ թվում՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերի վրա, բաց բնույթ է կրում եւ ենթադրում է լիարժեք ու իրավահավասար համագործակցություն այլ ինտեգրացիոն միավորումների եւ երրորդ երկրների հետ:
Համաշխարհային փորձը վկայում է, որ միավորվելով տնտեսական ինտեգրացիոն կազմավորումների ձեւաչափում ՝ զարգացող երկրները կարող են զարգացման եւ մրցունակության բարձրացման ավելի մեծ տեմպեր գրանցել, եթե, իհարկե, բոլոր մասնակիցների ներուժը եւ առավելությունները ճիշտ օգտագործվեն: Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանը՝ հիմնվելով սեփական փորձի եւ մրցունակության առավելությունների վրա, այդ թվում՝ ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային բարեփոխումների շարունակման միջոցով, իր լուման ներդնի եվրասիական տարածքի ամրապնդման գործում:
Մենք անկեղծորեն շահագրգռված ենք դրանում եւ պատրաստ ենք Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով նախատեսված նպատակների իրականցման ուղղությամբ սերտ փոխգործակցության:
Շնորհակալություն ուշադրության համար: