Պարտություն՝ և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցություններում, և՛ խղճի ու բարոյականության ճակատում․ Հրապարակ
Մեզ հետ տեղի ունեցածը բոլոր հնարավոր տարբերակներից ամենավատն էր, ամենաողբերգականը, ամենաանթույլատրելին։
Կարող էինք հող կորցնել, բայց զոհեր չունենալ։ Զոհերի դեպքում՝ հողը պահպանած լինեինք։ Կամ՝ եթե ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, այսպիսի խայտառակ կապիտուլյացիոն ակտը ստորագրած չլինեինք։ Լավ՝ գոնե ստորագրելուց մի քիչ մեզ արժանապատիվ պահեինք՝ չկարգավորված հարցերում կռիվ տայինք, որոշ տարածքներ պոկեինք թշնամուց, մեր գերիներին կարողանայինք հետ բերել, Արցախից դուրս եկողների հարցերը կարգավորել, նրանց ունեցվածքի տեղափոխմանն աջակցել։ Չկա մի կետ, չկա մի հարց, որը նորմալ կարգավորած լինենք՝ որպես պետություն, որպես հասարակություն։ Մեր իշխանություններն ապացուցեցին իրենց բացարձակ ապաշնորհությունը՝ որեւէ հարց լուծելու, մենք՝ մեր անարժան լինելը անկախ պետություն ունենալուն։։
Հենց միայն նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը՝ 3 երկրների ղեկավարների մասնակցությամբ, խոսում է մեր տհասության մասին։ Ինչպե՞ս կարելի էր մի փաստաթղթի մեջ միավորել մեզ՝ հայերիս այդքան վնասող ու ստորացուցիչ դրույթներ։ Լավ, եթե համաձայնում ես, որ 21-րդ դարում ռազմի դաշտում գծվեն պետությունների սահմանները, այդ դեպքում ինչպե՞ս ես համաձայնում հանձնել նաեւ այն տարածքները, որոնք թշնամին չի գրավել, որոնք ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդին չեն անցել։
Ի վերջո, պետք է մի սկզբունք աշխատի՝ կա՛մ նախկին ԼՂԻՄ տարածքի գաղափարը, որի դեպքում Հադրութն ու Մարտունի-Մարտակերտի՝ Արցախին պատկանող տարածքները մնում են մեզ, կա՛մ՝ ռազմաճակատի տրամաբանությունը, որի պարագայում Լաչինն ու Քարվաճառն են մնում մեր տնօրինության տակ։
Ինչպե՞ս կարելի է պարտվել ե՛ւ ռազմի դաշտում, ե՛ւ բանակցություններում, ե՛ւ խղճի ու բարոյականության ճակատում։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։