Նիկոլը, իշխանության գալով, եկեղեցին, վեհարանը պղծեց, գնալիս էլ Շուշին հանձնեց, ծախեց․ Իրավունք
Այսօր և հայրենիքում, և սփյուռքում ապրող հայի արժանապատվությանն անասելի մեծ հարված է հասցվել։ Հոգեբանորեն այս վիճակը բավական բարդ է հաղթահարել։ Առավել խոցված է հողն ազատագրողների, ազատամարտիկների, զինվորականության պատիվը, որոնք չեն ցանկանում ոչ մի կերպ համակերպվել իրողությունների հետ, և այս ամենը համարում են ժամանակավոր դադար։ Հայտնի ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, որ արցախյան առաջին պատերազմն անցած զինվորական է, այս պարտության մեջ տեսնում է բազմաթիվ հանգամանքներ և առաջին հերթին այն, որ մենք շատ հեռացանք Աստծուց և պատժվեցինք։
– Եթե այսօր մեր ազատագրած հողերը կապիտուլյացիոն խայտառակ փաստաթղթով դավաճանը հանձնել է, էլ ի՞նչ արժանապատվության մասին կարող է խոսք լինել,- ասաց Գևորգյանը։– Մյուս կողմից էլ այս օրերին խայտառակ տեղեկություններ են ջրի երես դուրս գալիս, Մովսես Հակոբյանը սկանդալային բացահայտումներ արեց։ Շատ լավ իմանալով մեր սպառազինության մասին, նրանք մեր տղաներին որպես մսացու ուղարկել են առաջնագիծ՝ այդ ընթացքում «հաղթելու ենք» կեղծ կարգախոսով կերակրելով հանրությանը։ Այն, ինչ արեցին Հայաստանի իշխանությունները, թուրքի երազանքն էր։ Այս ամենին զուգահեռ բանակը, զինվորը, սպան, գեներալն ամեն ինչ անում էին, որ կարողանային դիմակայել թշնամուն։ Սա իմ աչքով եմ տեսել, քանի որ առաջին օրից Արցախում եմ եղել։
Մինչդեռ կապիտուլյացիայի թուղթը ստորագրելուց անմիջապես հետո դավաճանը չի հեռանում իր պաշտոնից, ավելին, մինչ օրս շարունակում է մնալ, իսկ որոշ զանգված էլ արդարացնում է նրա պաշտոնավարումը, ուրեմն ի՞նչ արժանապատվության մասին կարող է խոսք լինել։ Այս ինչ աստիճանի է դեգրադացվել հասարակությունը, որ անգամ չի գիտակցում, որ իր արժանապատվությունն է այս իշխանության ղեկավարը «քեշ» փողով ծախել։ Հողն արյունով են պահում, բայց սա հողը արյունով հանձնեց։ Փաշինյանն ի սկզբանե հենց այդ նպատակով էր իշխանության եկել։ Առաջին օրից ես ասել եմ այդ մասին։ Այն ամենը, ինչ տեղի էր ունենում մեր երկրում, դրա ապացույցն էր։ Պղծում էին եկեղեցին, հեղինակազրկում ռազմական ղեկավարներին, գեներալներին, ղարաբաղյան շարժումը, բանակը կազմաքանդում էին, կրթությունը ոչնչացնում, Լանզարոտեի կոնվենցիան ստորագրում։ Այս ամենը ցույց էր տալիս, որ մենք գալիք պարտվող պատերազմին ենք նախապատրաստվում, հողերի վաճառքին։ ՈՒ այն, ինչ տեղի ունեցավ, ու դեռ սա շնչում է, քայլում, ողջ թիմով պատասխանատվության չի կանչվել, մենք խոսում ենք արժանապատվությունի՞ց։ Մեր հասարակությունը չի հասկանում, որ այս ամենից հետո բոլորիս, այդ թվում, անհոդաբաշխ մտքեր ասողների, անկապ պաշտպանների անվտանգությունը վտանգված է։ Իսկ նրանք դեռ սև ու սպիտակ են անում, հնի ու նորի խաղեր են տալիս։ Սրանք չե՞ն հասկանում, որ արդեն Հայաստանն են հանձնում՝ սկսելով Սյունիքից։
– Եթե արժանապատվություն չունեն, վտանգի զգացողությու՞նն էլ է բթացել։
– Կենդանական աշխարհի օրինակով ասեմ. կան խիզախ, համարձակ, ուժեղ կենդանիներ, կան վախկոտներ։ Եթե այս հասարակությունը բանականությունից հեռացել է, ուղեղը չի աշխատում, չարությունն այնքան շատ է ներսում, որ հնից ու նորից այն կողմ բան չի տեսնում, Աստծուց հեռացել է, ոչինչ էլ չի կարող նրա աչքերը բացել։ Նիկոլը, իշխանության գալով, եկեղեցին, վեհարանը պղծեց, գնալիս էլ՝ Շուշին հանձնեց, ծախեց։ Շուշին մեր արժանապատվությունն էր և մեր 30 տարվա հաղթանակների խորհրդանիշը։
– Բայց պարզվեց, որ այն դժբախտ ու դժգույն քաղաք է ու մեզ ամենևին պետք չէ։
– Ու դրանից հետո դեռ այս հասարակությունը համբերում ու հանդուրժու՞մ է սրան։ Իրականում մարդիկ հեռացան, խռովեցին, նեղացան Աստծուց, դրա համար էլ այս պատիժն ենք կրում։ Եթե այսօր կան հոգևոր հայրեր, որոնք պատրաստ են ներելու Նիկոլին, Նեռի ծնունդին, ես այդքան երկնային չեմ, որ կարողանամ ներել ու միասնական լինել մի տնաքանդ հայրենավաճառի հետ, որ իմ սուրբ նշխար հայրենիքը շան բերանն է տվել, իմ եկեղեցին պղծողներին է հանձնել, հազարավոր օջախների լույսն է մարել։ Չեմ ներելու, չի ներվելու։
– Հիմա կանգնած ենք ահավոր փաստի առաջ. հանձնել են մեր հողերը, հանձնողը դեռ շարունակում է պաշտոնավարել, նա ունի որոշ պաշտպաններ, Արցախում անգամ սահմաններ գծված չեն, օրական նոր գյուղեր են հայտնվում թշնամու երախում, երկրում սարսափելի սոցիալ-տնտեսական վիճակ է, պարալիզացված է ողջ կառավարման համակարգը։ Ի՞նչ անել։
– Ոտքի է պետք հանել բոլորին ու մի վայրկյան շուտ Նիկոլին պարտադրել ոչ միայն հրաժարական տալ, այլև պատասխանատվություն կրել դավաճանության համար։ Ոչ մի տարբերություն չկա Նիկոլի և Թալեաթի միջև։ Չպետք է հրաժարական տա ու գնա, այդպես չի լինում։ Չես կարող իմ հողը հանձնել, արժանապատվությունս վաճառել, իմ երկրի կայացման համար ոչ մի լումա չունենալ, իմ երկիրը ծնկի բերել ու առանց պատասխանատվության հեռանալ։ Չէ, այդպես չի լինելու։ Բոլորը պիտի պատասխանատվության ենթարկվեն։ Այդ ժամանակ գուցե մեր հեղինակությունը և միջազգային ասպարեզում, և երկրի ներսում մի քիչ բարձրանա, որ հասկանան՝ այս ազգն անարժանապատիվ մոլախոտ չէ, մեռած չէ, արժանապատվություն ունի, չի ներում դավաճաններին։
– Կա ստորագրված փաստաթուղթ, դրանում ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունե՞նք։
– Նախ՝ վայրկյան առաջ պիտի Փաշինյանն ու իր թիմը հեռանան։ Լինելով եռակողմ համաձայնության կարևոր օղակ, Ռուսաստանի հետ շատ կարևոր է անվտանգության հարցերի ճիշտ կարգավորումը, հարաբերությունների խորացումը և նոր ռելսերի վրա դնելը։ Չի կարող այս տարածաշրջանում մեր գործընկերը լինի ԱՄՆ-ը կամ այլ պետություն։ Հարկավոր է Ռուսաստանի հետ կարգավորել անվտանգային բոլոր հարցերը։ Իսկ Ռուսաստանի համար էական է, որ Հայաստանում լինի վստահելի, արժանապատիվ գործընկեր։ Ոչ մեկին սողացող, ոչինչ չասող գործընկեր պետք չէ։ Դու պիտի տեսակ ունենաս, դեմք։ ՌԴ ղեկավարն իր վերջին հարցազրույցներում մշտապես խոսում էր Արցախի էթնիկ տերերի մասին, այսինքն, Ռուսաստանը դեմ չէ, որ դու կարողանաս տեր կանգնել քո հողերին։ Տեր կանգնիր քո հողերին ու ՌԴ-ի հետ արժանապատիվ, վստահելի հարաբերություններ կառուցիր։ Եթե դու տեր չես կանգնում, ինքն է, իր քաղաքական շահգրգռություններից ելնելով, տեր կանգնում։ Կապիտուլյացիոն փաստաթղթից հետո գոնե քիչ թե շատ մեզ ընդունելի սահմաններ ունենալու համար խելքը գլխին իշխանություն և ճիշտ բանակցող է հարկավոր։