Քրդերը ցույցեր են անում Գերմանիայում եւ Թուրքիայում. 15 մարդ է մահացել /վիդեո/
Թուրքիայի շուրջ 20 քաղաքներում քրդերը բողոքի ակցիաներ են ացնկացնում: Որոշ քաղաքներում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում 15 հոգի է մահացել, հաղորդում է ТАСС գործակալությունը:
Ցուցարարները ջարդում են շենքերն ու խանութները, որոշ քաղաքներում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Նշվում է, որ տարբեր վայրերում անհայտ անձինք կրակել են ցուցարարների վրա, ինչի արդյունքում կան զոհեր, բազմաթիվ ակտիվիստներ էլ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել: Թուրքիայի իշխանությունները ստիպված են եղել երկրում պարետային ժամ հայտարարել:
Քրդերը ցույցեր են անցկացնում նաեւ Գերմանիայի հյուսիսում, այստեղ եւս կան վիրավորներ:
Ցուցարարները հանրությունից պահանջում են ավելի ակտիվ պայքար մղել Սիրիայում “Իսլամական պետություն” խմբավորման գրոհայինների դեմ: Քուրդ-եզդիները բողոքի ակցիա են անցկացրել, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն քուրդ զինված խմբերին, որոնք այժմ կատաղի մարտեր են մղում “Իսլամական պետության” գրոհայինների դեմ սիրիական Քոբանի քաղաքում: Այն գտնվում է Թուրքիայի հետ սահմանին և ծայրահեղական իսլամիստների կողմից գրավվելու վտանգի տակ է: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ գրոհայինները գրավել են քաղաքի արևելքում մի քանի շրջան և երկու բարձրությունների վրա իրենց դրոշներն են բարձրացրել: Քրդերին դեռևս հաջողվում է զսպել “Իսլամական պետության” հարձակումը քաղաքի արևմտյան և հարավային մուտքերի մոտ: