ՀՀ վարչապետը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին եւ Գերմանիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. “Հոկտեմբերի 3-ը, հիրավի, պատմական իրադարձություն է, քանզի 24 տարի առաջ այդ օրն իրականություն դարձավ միլիոնավոր գերմանացիների վաղեմի երազանքը` Գերմանիայի երկու հատվածների վերամիավորումը: Այս առիթով հիշատակման է արժանի նաեւ մեկ այլ պատմական իրադարձություն` Բեռլինի պատի փլուզումը, որի 25-ամյա հոբելյանը նշվելու է այս տարի` նոյեմբերի 9-ին:
Հարգելի բարեկամներ, թե՛ բեռլինյան պատի փլուզումը, եւ թե՛ Գերմանիայի վերամիավորումն այն պատմական իրադարձություններն են, որոնք նշանավորեցին երկաթյա վարագույրի անկումը` կանխորոշելով եվրոպական մայրցամաքի հետագա զարգացումը եւ իրենց ազդեցությունը թողնելով համաշխարհային գործընթացների վրա:
Հայաստանը մեծապես կարեւորում է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով, այդ թվում նաեւ` Արեւելյան գործընկերության շրջանակներում:
Գոհունակությամբ եմ նշում, որ անկախ Հայաստանի եւ վերամիավորված Գերմանիայի միջեւ հարաբերությունները, որոնք շուրջ 22 տարվա պատմություն ունեն, անցած ժամանակահատվածում անշեղորեն զարգացել եւ ամրապնդվել են` ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ: Սերտ համագործակցություն է ծավալվել մշակութային, գիտակրթական, հումանիտար, ռազմաքաղաքական բնագավառներում: Մենք հանձնառու ենք է՛լ ավելի խթանելու երկկողմ առեւտրատնտեսական կապերը:
Մեր համագործակցության շրջանակներում մեծապես կարեւորում եմ Գերմանիայի կառավարության օժանդակությամբ շուրջ երկուսուկես տասնամյակ Հայաստանում իրականացվող տեխնիկական եւ ֆինանսական աջակցության ծրագրերը:
Հարգելի ներկաներ,
Հայ-գերմանական հարաբերությունների սերտացման գործում իր ծանրակշիռ դերն ունի նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, պարոն դեսպան, եւ դեսպանության ողջ անձնակազմին երկկողմ միջպետական հարաբերությունների հետեւողական զարգացման եւ մեր երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: Համոզված եմ, որ հայ-գերմանական սերտ փոխգործակցությունը հետագայում եւս կզարգանա փոխըմբռնման եւ բարեկամության ոգով՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:
Եզրափակելով խոսքս` մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի ազգային տոնի կապակցությամբ եւ մաղթում բազում հաջողություններ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց”: