Մարտունու պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով զոհվել են ՀՀ Զինված ուժերի սննդի մատակարար «Երեմյան Փրոջեքթս» ընկերության երկու աշխատակիցներ, կան վիրավորներ
Մարտունու պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով զոհվել են ՀՀ Զինված ուժերի սննդի մատակարար «Երեմյան Փրոջեքթս» ընկերության երկու աշխատակիցներ, կան վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տնօրեն Դավիթ Երեմյանը։
«Խորը վշտով եմ հայտնում, որ հոկտեմբերի 24-ին, մեր հայրենիքի համար այս ծանր ու ճակատագրական օրերին արցախյան ռազմաճակատում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել են մեր սիրելի գործընկերներ Բալասանյան Վյաչեսլավն ու Գրիգորյան Կամոն։ Մեր պահեստի աշխատակից համեստ ու աշխատասեր Վյաչեսլավը (19.04.1979թ.) տեղում զոհվեց։ Ծանր վնասվածքներ ստացան մեր մյուս տղաները՝ Գրիգորյան Կամոն, Պետրոսյան Գարիկը և Բարաշյան Մխիթարը։ Ծանր վիճակում Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխված մեր ժպտերես ու բարի Կամոն (10.05.1994թ.) վիրահատության ընթացքում մահացել է»,–Facebook-ում գրել է Երեմյանը:
Նրա խոսքով` վիրավորների վիճակն էլ շատ մտահոգիչ է: Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասի ճաշարանի խոհարարի օգնական Պետրոսյան Գարիկը պայթյունի հետևանքով ծանր կոնտուզիա է ստացել, այժմ նա գտնվում է Գորիսի հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ։
Մեխակավանի զորամասի ճաշարանի բանվոր Բարաշյան Մխիթարը շատ ծանր վիճակում հիմա Երևանում է՝ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ունի շատ ծանր վնասվածքներ։
«Մեր թիմում իրական հերոսներ ունենք։ Հերոսներ, որոնց սխրանքներին պետք է փորձենք արժանի լինել։ Մաթևոսյան Անդրանիկն ու իր կինը Վարանդայի (Ֆիզուլիի) զորամասի ճաշարանում են աշխատել։ Հոկտեմբերի 12-ին, երբ թշնամին նենգաբար հարձակվեց զորամասի վրա, Անդրանիկը վերցրել է զենքը և բռնվել մարտի։ Շատ ծանր վիճակում հիմա գտնվում է Երևանի Էրեբունի հիվանդանոցում։ Առողջություն քեզ, մեր հերոս ընկեր»,–գրել է ընկերության տնօրենը։
Երեմյանը առողջություն ու տոկունություն է մաղթել վիրավորներին, իսկ զոհվածների հարազատներին` ուժ ու համբերություն։