”Մարդիկ մի քանի անգամ վերընտրվել են և դեռ մի քանի անգամ էլ կվերընտրվեն”
Ազգային ժողովում Տեղական ինքնակառավարման մարմինների ու ԸՕ հետ կապված օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ պետք է սահմանափակել համայնքի ղեկավարների ընտրվելու քանակը: ‘’Օրինակ մեկ անգամ ընտրվեց, երկրորդ անգամ ընտրվեց, երրորդ անգամ չի կարելի: Ութ տարի աշխատեցիք, գնացեք ձեր տուն, թողեք ուրիշ մարդ գա հիմա էլ’’,-ասաց նա: Պատգամավորը նկատեց, որ իր այս առաջարկը մերժում են` պատճառաբանելով, որ համայնքների խոշորացումից հետո անդրադարձ կլինի այս օրենքին: ‘’Երկուս ու կես տարի է` ինձ ասում են` սպասեք համայնքների խոշորացում է գնում: Չի կարող մի մարդը հիսուն անգամ ընտրվել համայնքի ղեկավար, դարերով դառնա իշխան, հետո էլ տղան ընտրվի, ու այդպես շարունակվի, կան նման համայնքներ’’,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց Մարուքյանին.’’Մենք հայրենակիցներ ենք, և ես հասկանում եմ` ինչ եք ասում, բայց ես կարծում եմ, որ պետք է ոչ թե փնտրել կուսակցությունների մեջի մարդանց կամ կուսակցություններին պետք է պարտադրենք ընտրություններին չմասնակցել, այլ չպիտի սահմանափակենք մեր համայնքի բնակիչների ընտրության հնարավորությունը: Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ մարդիկ մի քանի անգամ վերընտրվել են և դեռ մի քանի անգամ էլ կվերընտրվեն, քանի որ լավ են աշխատում: Եթե համայնքի բնակչությունը ցանկանում է ընտրել իքս մարդուն, ինչի մենք սահմանափակենք համայնքի բնակիչների իրավունքները’’,-շեշտեց նա: