Հրապարակվել է ՄԻԵԴ–ի անբեկանելի վճիռը` Ադրբեջանը պետք է պատժի մարդասպանին` Ռամիլ Սաֆարովին
Եվրոպական դատարանը հոկտեմբերի 12-ին, քննարկելով Մեծ Պալատի կողմից «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռի վերանայման հնարավորությունը, բացառեց այն՝ կարևորելով վճռի դրույթների ուժի մեջ մտնելն ու դրանց կատարումը։ Դա նշանակում է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։ Այս մասին ֆեյսբուքյան հարթակում շտապել է տեղեկացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սահմնադրական դատարանի նախագահի ու դատավորների ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը։
«Վճռի կատարումը պահանջելու է, որ Ադրբեջանը պատժի սեփական մարդասպանին և դադարեցնի հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը»,–գրել է Սահակյանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ այս վճիռն այլևս վերջնական է, չի կարող բեկանվել կամ որևէ կերպ կասկածի տակ դրվել: Այն պարտադիր է բոլորի, այդ թվում՝ արտաքին քաղաքական դերակատարների համար։
«Նման բովանդակությամբ միջազգային դատական ակտի առկայությունն ադրբեջանական ոտնձգություններից հայերի պաշտպանությունն ապահովող իրավական լուրջ երաշխիք է, որն ըստ էության բացառում է նաև Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում»,–գրել է նա:
Նշենք, որ 2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած և ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձ կատարած հանցագործի ազատ արձակման ու հերոսացման համար:
Այս վճռով Եվրոպական դատարանը ոչ միայն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, այլ նաև փաստել, որ ատելության հողի վրա կատարված դաժան հանցանքների համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: Արդյունքում, Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունն առաջին անգամ իր փաստագրումն է ստացել միջազգային դատական ակտով։
Սեպտեմբերի 8–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Լևոն Գևորգյանը Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով Եվրոպական դատարանի Պալատի վճիռը բողոքարկել են Մեծ Պալատին: