Բաց նամակ Տարոն Մարգարյանին
Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը բաց նամակով է դիմել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև:
Բաց նամակ
Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին
Հարգելի պարոն Քաղաքապետ
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կենդանիների պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ն: Դինգո Թիմը զբաղվում է անտուն կենդանիների շտապ օգնությամբ, որդեգրմամբ և ստերջացմամբ:
Մենք իհարկե գիտենք, որ կա “Յունիգրաֆ Իքս” ՍՊԸ-ն, որը զբաղվում է անտուն կենդանիների գլխաքանակի վերահսկմամբ, սակայն եթե մեզ ահազանգում են բնակիչները և ցանկանում են, որ հենց մենք ստերջացնենք իրենց բակի կենդանուն, քանի որ անվստահություն են հայտնում վերոնշյալ ընկերության կատարած աշխատանքի նկատմամբ, մենք ստերջացնում ենք կենդանուն և վերադարձնում բակ:
Մեր կողմից ստերջացված կենդանիները ունեն տարբերանշաններ, այն է՝ վզկապներ: Մենք ստերջացնում ենք միայն այն դեպքում, եթե բակի բնակիչների մեծամասնությունը կողմ է այդ կեդանու ներկայությանը իրենց բակում: Բնականաբար ամեն բակում միշտ էլ գտնվում է մի բնակիչ, ովքեր չեն սիրում կենդանիներին և ցանկանում են, որ այդ կենդանին այդ բակից հեռացվի: Նման բնակիչները բողոքում են համապատասխան մարմնին՝ “Յունիգրաֆ Իքս”-ին: “Յունիգրաֆ Իքս”-ն էլ գնում և տանում է այդ կենդանուն:
Եղել են դեպքեր, երբ հաջողվել է ետ վերադարձնել մեր կողմից ստերջացված շներին, կամ գալ համաձայնության բողոքող բնակիչների հետ, բայց դա միայն այն դեպքում, երբ մենք նախապես իմացել ենք, որ “Յունիգրաֆ Իքս”-ին բողոքել են մեր կողմից ստերջացված շան մասին: Իսկ այն դեպքերում, երբ մենք այդ մասին չենք իմանում, շունը կորչում է անհայտ:
Ուզում եմ նշել, որ մեր կազմակերպության միակ եկամուտը նվիրատվություններն են, որոնք կատարած աշխատանքի համեմատ մի քանի անգամ ավելի քիչ են: Այդ պատճառով ամեն ստերջացում կատարելը ֆինանսապես մեզ համար շատ դժվար է: Իսկ երբ մեծ դժվարությամբ հայթայթվում է այդ գումարը, կենդանին անցնում է այդ վիրահատության միջով, և հատկապես երբ դա արվում է բակի բնակիչների մեծամասնության խնդրանքով, այդ շան վնասազերծումը “Յունիգրաֆ Իքս”-ի կողմից անարդար է:
Մենք խնդրում և պահանջում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից պատվեր կատարող “Յունիգրաֆ Իքս” ՍՊԸ-ն չվնասազերծի այն շներին, որոնք ստերջացվել են “Դինգո Թիմ” ՀԿ կողմից և որին մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ իրենց նվիրատվություններով: Իսկ եթե կա բողոք և այդ բողոքին պետք է անպայման արձագանքել, ապա խնդրում ենք, որ “Յունիգրաֆ Իքս”-ը մեր կողմից ստերջացված շների մասին բողոքները պարզապես փոխանցի մեզ և մենք կլուծենք այդ հարցը:
Հուսով եմ ստանալ դրական պատասխան
Հարգանքներով՝
Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյան