23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանում էլ են գույքահարկ քննարկում․ կիսամյակը՝ լրատվական առիթ․ Politeconomy

Politeconomy.org-ը գրում է․ «Կիսամյակը բավական ամփոփ ու ամբողջական ժամանակաշրջան է հասկանալու համար, թե ինչ է կատարվում երկրի տնտեսության հետ: Սա գիտեն բոլորը: Ներառյալ իշխանությունները: Հետևաբար այս ժամանակաշրջանը ասուլիսների շրջան է:

Տնտեսական հաշվետվություններ հրապարակելու փոխարեն իշխանությունները փորձում են կիսամյակն օգտագործել որպես լրատվական առիթ: Առիթ, որի ընթացքում կարելի է մեկ-երկու թիվ հրապարակել: Ասել, որ դրանք նախնական են ու վերանայման ենթակա ու խոսել հաջողությունների մասին: Հետո երբ հրապարակվեն պաշտոնական հաշվետվությունները, այսպես կոչված «լրատվական առիթն» արդեն անցած կլինի: Հետևաբար տնտեսության (թեկուզ պաշտոնական) հաշվետվություններն արդեն լայն հասարակության համար պակաս հետաքրքրություն կներկայացնեն:

Մեր տարածաշրջանում այս հնարքին որպես կանոն առաջինն ադրբեջանական իշխանություններն են դիմում: Համավարակի պարագային էլ «ավանդույթը» չփոխվեց: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի ասուլիսն ինչ-որ իմաստով դասական էր, ուր հրապարակվեցին անհասկանալի թվեր: Պարզվում է, որ այս երկրի ղեկավարության կարծիքով իրենց տնտեսությունը համարյա չի տուժել համավարակից: Օրինակ, ներմուծումները կրճատվելն են ընդամենը 5 տոկոսով: Արտահանումները գերազանցում են նեմուծման ծավալին: Լրագրողների հարցերին պատասխանելիս նախարարն, իհարկե, ասաց, որ տնտեսական վնասներ կան, բայց դրանց ծավալների մասին խոսելը դեռ վաղ է: Վաղ է, որովհետև իրենց երկրի արդյունաբերական համակարգը սկսել է հետաքրքրել ներդրողներին, որոնց հետ 150-200 մլն դոլարանոց ներդրումային ծրագրեր են քննարկում: Իսկ Ադրբեջանն առաջիկա տարիներին, ըստ նախարարի, դառնալու է էլեկտրաէներգիա ներմուծող երկրից արտահանող երկիր: 2018թ․ ապրիլի սկզբին այդ երկրի հիմնական ջէկ-ում տեղի ունեցած վթարից հետո երկրի կեսը հոսանքազրկվել էր՝ ներառյալ մայրաքաղաքն ու մետրոն: Հիմա պարզվում է՝ վթարի հետևանքները վերացվել են: Հետևաբար դա հարմար առիթ է հերթական (ու փայլփլուն) տնտեսական ծրագրերը պարզ սպառողին ներկայացնելու: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը հպարտությամբ նշել է, որ պետբյուջեի մուտքերի 75 տոկոսն ապահովում է մասնավոր հատվածը: Սա իսկապես անհավատալի տվյալ է, որովհետև էներգետիկայի ոլորտն այս երկրի իշխանությունները սեփականաշնորհել երբեք չեն ձգտել: Հետո ասուլիսին ներկայացվել է, որ 130 հազար ձեռներեցի պետական աջակցություն է ցուցաբերվել համավարակի հետևանքների հաղթահարման ծրագրերի շրջանակում: Այս թիվը համարյա չի «համընկնում» մյուս թվի հետ, որի համաձայն այդ ծրագրով պետությունն օգնել է 130 հազար ձեռներեցների թվով 310 հազար աշխատակիցներին: Ասուլիսին այլ անհավատալի թվեր էլ են հնչեցվել: Բայց կա մեկ փաստ, որը որոշակի ասոցացիաներ է առաջացնում: Ադրբեջանում էլ են գույքահարկ քննարկում: Առայժմ աշխատանքային խմբերի մակարդակում: Բայց քննարկման շրջանակը մի փոքր ավելի «լայն» է: Քննարկվում է նաև գույքի ու ֆինանսական միջոցների համաներման հարցը: Նախարարն ասել է՝ հենց աշխատանքային խմբերը որոշակի եզրակացության հանգեն, հասարակությանն անպայման տեղյակ կպահեն: Դժվար չէ ենթադրել, որ մեր հարևան երկրում սեփականության վերաբաշխման պես գործընթաց է սկսվել, որը կավարտվի համաներման որոշումով:

Ժանրի կանոնների համաձայն՝ այստեղ պիտի ավելացվի «Բոլոր համընկնումները պատահական են» արտահայտությունը: Ավելացվի ու ասվի, իսկ այդ ժամանակ Վրաստանի վեց քաղաքների համար 175 նոր քաղաքային ավտոբուս է ձեռք բերվել: 18.7 մլն եվրոյանոց ծրագիրը ֆինանսավորել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Ինչպես նաև այն, որ Վրաստանը մեկ ամսով հետաձգում է ավիաչվերթները թույլատրելու որոշումը: Հնարավոր զբոսաշրջիկների առաջ երկրի օդային ուղիները փակելու որոշումը հիմնավորվում է այս պնդմամբ՝ «պատճառը համավարակի բարձր մակարդակն է տարածաշրջանի երկրներում և աշխարհում»: Այս քայլը հերքեց այն պնդումը, որ Վրաստանը համավարակի դեմ պայքարում թվերը մեղմում էր, որ զբոսաշրջիկների համար հրապուրիչ լինի:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ