«Ալիևին կառուցողական անվանելն ուղղակի խայտառակություն է. հակապետական դիրքորոշում է». Էդուարդ Շարմազանով
«Այս խուժանությունն արդյունքն է Նիկոլ Փաշինյանի քաղաքական բանավեճի բացակայության: Երկու տարի շարունակ Փաշինյանի իշխանությունը պառլամենտում զրոյացրել է քաղաքական բանավեճը, սպառնում է թաթիկներ կտրելով, ասֆալտին փռելով, սամասուդ անելով: Էլ ի՞նչ եք սպասում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով օրերս խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Նա ընդգծեց՝ ԱԺ-ից քաղաքական բանավեճն իսպառ բացակայում է Նիկոլ Փաշինյանի պատճառով. «Ուշ թե շուտ սա պետք է լիներ, և ավելի զարհուրելի ու դատապարտելի է վարչապետի այդ հանդուգն արտահայտությունը, որ՝ լավ ենք արել, արել ենք: Եթե իր նման մտածեինք, ԱԺ նիստ վարողը մուրճ ունի, պետք է իր ամեն ելույթից հետո այդ մուրճով գլխին խփեինք: Կամ, եթե «սամասուդի» տրամաբանությամբ մտածեինք, նա պետք է Գյումրիից Երևան չհասներ: Չի կարելի»:
Անդրադառնալով Արցախի հարցին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նիկոլ Փաշինյանը հիմա վերադարձել է Լիսաբոնի և փուլային տարբերակի ժամանակաշրջան: Այսինքն՝ այն 20 տարվա ձեռքբերումները, որոնք մենք ունեցել ենք Երկրորդ և Երրորդ նախագահների օրոք, իսկ դա այն էր, որ հասել էինք նրան, որ ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես սկզբունք, ներառվել է: Ավելին, Սերժ Սարգսյանի քաղաքական, դիվանագիտական արդյունավետ աշխատանքի արդյունքում հասել ենք նրան, որ այդ ինքնորոշման իրավունքը ստացել է պարտադիր ուժ: Այսինքն՝ եթե Տեր-Պետրոսյանի ժամանակ խոսք չկար հանրաքվեի մասին, խոսք կար միայն տարածքների հանձնման մասին, ապա, երբ մեր թիմը իշխանությունից հեռացել է, մենք փաստաթղթով ժառանգել ենք Փաշինյանին այդ ինքնորոշման իրավունքի պարտադիր կամարտահայտումը: Ի՞նչ է տեղի ունենում այսօր՝ Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ մեծամտությամբ՝ հրաժարվում է այդ ձեռքբերումներից, ասում է՝ ես սկսում եմ իմ կետից: Իր կետը Դուշանբեի վերելակն էր, որտեղ նա ՄԽ համանախագահների և բանակցող կողմերի միջև գրավոր համաձայնությունը, որը ձեռք բերվեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում՝ կապված շփման գծի հետ, փոխեց Ալիևի հետ ինչ-որ բանավոր պայմանավորվածությամբ, որը խայտառակություն էր»:
Նա նկատեց՝ բանակցություններ կան, ինչի մասին խոսել է Լավրովը. «Մենք չենք ասել, որ մենք բանակցել ենք մեր երազանքների փաստաթուղթը, բայց Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի հայեցակարգը «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» հայեցակարգն է: Մենք բանակցել ենք, նախ և առաջ, կարգավիճակի համար, հետո նոր տարածքների հարցն էր: Ավելին, Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում նշեց, որ Արցախի հարցի անկյունաքարն անվտանգությունն է: Միտումնավոր կամ ոչ միտումնավոր ինքնորոշման իրավունքը գցեց երկրորդ պլան: Եթե անվտանգությունն է կարևոր հարցը, ապա կարող է՝ վաղը միջազգային հանրությունը մեխանիզմներ է մշակում, ասում է՝ անվտանգությունն ապահովում եմ, Արցախի ժողովրդին ոչ մի ֆիզիկական վտանգ չի սպառնում, բայց Արցախը պետք է մտնի Ադրբեջանի կազմ: Մենք ասում էինք, որ ամենակարևորն ինքնորոշման իրավունքն է»:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է. «Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է հարցի լուծման: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ: ՌԴ-ն էլ ա ուզում, Միացյալ Նահանգներն էլ, Ֆրանսիան էլ ա ուզում»:
Էդուարդ Շարմազանովն այս հայտարարության վերաբերյալ ասաց. «Սա հանցագործ հայտարարություն է, հասկանո՞ւմ եք: Այն Ալիևը, որը սանձազերծել է ապրիլյան պատերազմ, այն Ալիևը, որի վարչապետը վերջին երկու շաբաթում հենց Նիկոլ Փաշինյանին սաբոտաժի մեջ է մեղադրում, այն Ալիևը, որն ասում է՝ Զանգեզուրն ու Երևանը իմ պատմական տարածքն են, մեր վարչապետն ասում է, որ այդ Ալիևը կառուցողական է տրամադրված. Սա ուղղակի խայտառակություն է: Ալիևին կառուցողական անվանելը հակապետական դիրքորոշում է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am