«Սահմանադրությունը գրվում է խելամտության, այլ ոչ թե՝ խելագարության կանխավարկածով». Վարդան Այվազյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/02/Vardan-Ayvazyan-2.jpg)
Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա ժամերին ստորագրի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորի ստորագրությամբ ներկայացված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխության» նախագիծը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը, ապա մոտ 2 ամսից ՀՀ քաղաքացիները պետք է գնան ընտրատեղամասեր՝ ստորագրելու ՍԴ 7 դատավորի լրազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օգտին կամ դրա դեմ:
ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
«Հանրաքվեն ժողովրդի կամարտահայտության միջոց է, ոչ թե պոլիտտեխնոլոգիաներով անցկացվող գործընթաց: Որպեսզի ժողովուրդը կարողանա հստակ արտահայտել իր կամքը, և որպեսզի այդ կամարտահայտությունը լինի լեգիտիմ, իշխանությունը պետք է բոլոր ջանքերը ներդնի հանրաքվեի անցկացման համար հասարակության մեջ ապահովելու ներդաշնակության ու հանդուրժողականության մթնոլորտ: Բոլորդ էլ տեսնում եք, թե մեզ մոտ ինչ լարված և ատելության մթնոլորտ ունենք, և ատելության մթնոլորտի պարագայում, երբ մենք նախաձեռնում ենք հանրաքվեի գործընթաց, հանրաքվեն չի կարող իրական կերպով արտահայտել ժողովրդի կամքը»,- ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագետ Վարդան Այվազյանը:
Կա՞ արդյոք Սահմանադրության մեջ որևէ դրույթ, որն արգելում է ատելության մթնոլորտի պայմաններում իրականացնել հանրաքվե:
«Նման կետ Սահմանդրության մեջ չէր էլ կարող լինել»,- հարցին ի պատասխան՝ ասաց սահմանադրագետ Այվազյանը:
Ըստ նրա՝ դա կարելի է համեմատել բժշկության հետ: Ի վերջո, բժշկության մեջ որևէ տեղ գրված չէ, որ առանց հիվանդին համակարգային անալիզներ անելու՝ թույլատրվում է նրան վիրահատել:
«Սահմանադրությունը գրվում է խելամտության, այլ ոչ թե՝ խելագարության կանխավարկածով»,- շեշտեց Այվազյանը:
Այվազյանի խոսքով՝ եթե հանրաքվե իրականացնելու հարց դրվի, ապա պետք է ձևավորվեն հանրաքվեի կողմ և դեմ քարոզչական կառույցներ: Ըստ Այվազյանի՝ դա հնարավորություն կտա այսօրվա իշխանություններին մերժող քաղաքական ուժերին համախմբվել և իրենց գործունեությունը բերել պաշտոնական քարոզչության հարթակ: Իրավագետն այս դեպքում չի բացառում բախումները հասարակության տարբեր շերտերի միջև:
Իրավագետի բնորոշմամբ՝ իշխանությունը փորձում է գնալ հանրաքվեի՝ հիմքում ունենալով ոչ թե՝ իրավական հիմնավորումներ, այլ՝ էմոցիոնալ պոռթկումներ: Իսկ առանց իրավական հիմնավորումների հանրաքվեի կարելի է դնել ցանկացած հարց:
«Եկեք հանրաքվեով փոխենք բազմապատկման աղյուսակը, կամ հանրաքվեով որոշենք, որ փետրվար ամիսը պետք է 50 օր ունենա, ամեն ինչ կարելի է դնել»,- ասաց Վարդան Այվազյանը: